Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: 12 տարվա սպասումից հետո Պոլսո նվիրապետական աթոռը նոր գահակալ ունի։
Առավոտից Պատրիարքարանի մայր եկեղեցում էին հավաքվել հոգևոր ու աշխարհական պատվիրակները, որպեսզի գումարեն Ազգային պատգամավորական ժողով և ընտրեն նոր պատրիարքին։
Այսօր Պատրիարքարանի մայր եկեղեցում նիստը սկսվեց միասնական աղոթքով, ապա մեկնարկեց պատվիրակների գրանցման և հավաստագրերի հանձնման գործընթացը:
Քվեարկությունից հետո ընտրյալ Պատրիարքը հանդես եկավ ողջույնի խոսքով։
Կիրակի օրը կայացած քվեարկության արդյունքում նարնջագույնների ճակատն ստացել էր 9008 ձայն՝ Մաշալյան սրբազանի համար ապահովելով 89 պատվիրակ: Պատրիարքական մյուս թեկնածու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորած մանուշակագույն ճակատն ստացել էր 3529 քվե՝ ունենալով 12 պատվիրակ: Մեկ պատվիրակ նախընտրել էր անկախ մնալ: 753 քվեաթերթ անվավեր էր ճանաչվել, 376 մարդ դատարկ քվեաթերթ էր նետել տուփը: