Ավելի քան 10 օր է՝ հետախուզում է հայտարարվել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ, սակայն նա դեռևս չի հայտնաբերվել։
Հայտնի է՝ Կոստանյանն էլ մի քանի անգամ իր հարցարզույցների ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանում է, դասավանդում է Գլխավոր դատախազության համալսարանում։ Իսկ այդ դեպքում ինչո՞ւ մինչ այս պահը նախկին պաշտոնյան չի հայտնաբերվել ռուս իրավապահների կողմից, ոստիկանությունից չեն մեկնաբանում, պարզապես տեղեկացնում են՝ շարունակում են օպերատիվ հետախուզական աշխատանքները։
Հարցին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր պատասխանն ունի՝ ռուս իրավապահները շահագրգռված չեն հայտնաբերելու Գևորգ Կոստանյանին։
Իրավաշտպանի ձևակերպմամբ՝ ռուս իրավապահներն իրենց անգործությամբ անուղղակի խոչընդոտում են Մարտի 1-ի գործի քննությանը։
«Շատ լավ գիտակցելով այդ մարդկանց ներկայության կարևորությունը Մարտի 1-ի գործի դատաքննության և նաև առանձնացրած մնացած այն գործերով նախաքննության մեջ, ինքը, ըստ էության, խոչընդոտում է այդ գործի քննության ընթացքին՝ դրանով նաև նպաստելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությանը, որովհետև առանցքային գործիչներ են որոնց խոսքը, վկայությունները, որոնց բացատրությունները էական նշանակություն կունենան գործի ամբողջական բացահայտման կամ ամբողջական քննության համար։ Այսինքն, ըստ էության, հովանավորության միջոցով Ռուսաստանի Դաշնությունը աջակցում է, իրականացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը», - ասաց Սաքունցը:
Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել միանգամից 5 հոդվածով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը դրդելու համար։
Նախկին գլխավոր դատախազը իրեն վերագրվող մեղադրանքները չի ընդունում։
«Ազատության» հարցին, թե ե՞րբ է պատրաստվում Կոստանյանը ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, նրա պաշտպան Համբարձում Մելիք-Գրիգորյանը պատասխանեց՝ հարցին իրենք կանդրադառնան, ավելի ուշ, երբ Վերաքննիչ քրեական դատարանը քննի իրենց բողոքն ընդդեմ առաջին ատյանի դատարանի որոշման։
Դեկտեմբերի 4-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Կոստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Պաշտպանն ավելի վաղ ասել էր, որ Կոստանյանը մտադրված է եղել Հայաստան գալ դեկտեմբերին։
Գևորգ Կոստանյանի անունը Մարտի 1-ի գործով շրջանառվեց սեպտեմբերի 25-ին, երբ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդեց, որ այդ գործով մեղադրյալ է ներգրավվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` միանգամից 3 հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու և հանցագործությունը պարտակելու համար:
Ըստ ՀՔԾ-ի, 2008-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ և նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից Ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները և նպատակ են ունեցել թաքցնել նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները և հանցագործության հետքերը։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է՝ ինչպես Կոստանյանի, այնպես էլ նախկին մյուս պաշտոնյաներին, ռուս իրավապահները չեն վերադարձնի Հայաստան, դա փորձն է ցույց տալիս։
«Միշտ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը, հանձինս Պուտինի, ինքը հովանավորել է, աջակցել է, պատսպարել է իր, այսպես կոչված, русский мир-ի շրջանակներում տեղավորված այն գործիչներին, որոնց նկատմամբ հարուցված է եղել քրեական գործեր: Մասնավորապես, հիշենք նույն ամենաթարմ օրինակը՝ Յանուկովիչին՝ Ուկրաինայի նախագահին, որը ուղղակի մազապուրծ փախավ Կիևից և հիմա հանգրվանել է Ռուսաստանի Դաշնությունում», - նշեց իրավապաշտպանը:
Բացի Կոստանյանից, այժմ Ռուսաստանի Դաշնությունում ևս 3 հայաստանցի հետախուզվող պաշտոնյա կա, որոնցից երկուսը անցնում են 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Նա Ռուսաստանի քաղաքացիություն ունի և ռուսաստանյան կողմը այդ հիմքով դեռ անցած տարի մերժել է նրան արտահանձնելու դիմումը: