Պետությունից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությանը դրդելու համար մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին, որն առավել հայտնի է «Ֆլեշի Բարսեղ» անունով և Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր մտերմությամբ: Բեգլարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Տեղեկությունը «Ազատությանը» հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ):
«Ազատությանը» չի հաջողվել կապ հաստատել Բարսեղ Բեգլարյանի հետ, հեռախոսահամարին երկու օր է պատասխանում է որպես նրա օգնական ներկայացող մի անձ:
Բեգլարյանն անցնում է Սերժ Սարգսյանին առնչվող քրեական գործով: Հայաստանի պաշտոնաթող նախագահին այս շաբաթ մեղադրանք առաջադրվեց մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակությունը կազմակերպելու համար։
Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանել էր, որ 2013 թվականին, նախագահական ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ, Հայաստանի կառավարությունը հաստատել է գյուղացիների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Դրա շրջանակում նախատեսվել է մարզպետարանների և Գյուղատնտեսության նախարարությանը պատկանող կազմակերպությունների ներկայացրած հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք: Վառելիք մատակարարելու ցանկություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ընկերությունները: Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր»-ը, որի ներկայացուցչի հետ քննարկումներից հետո Գյուղնախարարության պաշտոնյաները որոշել են որպես մատակարար հենց այս ընկերության տվյալները ներկայացնել կառավարության հաստատմանը: Ինչպես նշվում է ՀՔԾ հաղորդագրությունում, Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել, որ ավելի էժան վառելիք է առաջարկում հենց այս ընկերությունը, գիտակցել է, որ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ»-ի հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու հետևանքով պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Եվ անտեսելով այս հանգամանքը, Հայաստանի երրորդ նախագահը, ըստ քննչական մարմնի, «Ֆլեշ» ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակաների միջոցով կազմակերպել է կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակությունը, մասնավորապես` հանձնարարել է անկախ ստացված էժան գնային առաջարկներից որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ընկերությանը»: Այս ամենի հետևանքով, ըստ իրավապահների, պետությունը գրեթե կես միլիարդ դրամի վնաս է կրել:
Նախկին նախագահի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը Սարգսյանին առաջադրված մեղադրանքը համարում է «քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում»:
«Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը հիշում է՝ այդ շրջանում գյուղացիները դժգոհում էին անորակ վառելիքից: «Միգուցե գյուղացուց հարցնենք՝ այդ ժամանակաշրջանում քանի՞ տրակտորների շարժիչներ փչացան: Հավատացեք՝ կիսով չափ: Կարող է «Ֆլեշ»-ը որակով էր ներկրում, պահեստներում էր խառնվում, բայց գյուղացին որակից դժգոհ էր, և շատ-շատ գյուղացիներ էդ դիզվառելիքը չէին ստանում, գնում ուրիշ տեղից էին ձեռք բերում, որ իրենց սեփական տրակտորը չփչանար: Խայտառակ վիճակ էր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բերբերյանը:
Խնդրի մասին բարձրաձայնել են, բայց, ըստ «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահի, լսող չկար: «Հանրապետությունում կիսամոնոպոլ վիճակ էր, ներկրողներն էլ բոլորս գիտեինք՝ ովքեր էին, և նրանց դեմ պայքարելը ուղղակի անիմաստ էր», - շեշտեց Հրաչ Բերբերյանը: