Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարում են, որ դեմ են քվեարկելու 2020-ի բյուջեի նախագծին

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնում է 2020 թվականի բյուջեի նախագիծը:

Այսօր Ազգային ժողովում քննարկվեց 2020 թվականի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը: Օրինագիծը, ըստ էության, անփոփոխ է մնացել, քանի որ գործադիրը չի ընդունել խորհրդարանական ընդդիմության առաջարկները:

Բյուջեի նախագծի հիմնական զեկուցող, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ խորհրդարանական 3 խմբակցություններն 160 առաջարկ են ներկայացրել, որոնց իրականացման համար անհրաժեշտ էր հավելյալ 368 մլրդ դրամ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջարկը բյուջեի համար կարժենար 264,4 մլրդ դրամ, «Լուսավոր Հայաստանի» առաջարկը՝ 94,9 մլրդ դրամ, իշխող «Իմ քայլը» դաշինքինը՝ 8,4 մլրդ դրամ:

Բավականին շատ էին առանձին գյուղերի դպրոցների վերանորոգման, առանձին ճանապարհատվածների բարեկարգման և նմանօրինակ այլ առաջարկները:

Անի Սամսոնյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը դժգոհեց, որ չի ընդունվել իր չորս առաջարկներից և ոչ մեկը․ - «Առաջարկել է, որպեսզի Ծարավ Աղբյուր թաղամասը, որը բնակեցված է ամբողջությամբ երիտասարդ, աճող ընտանիքներով և ոը չունի դպրոց, կառուցել դպրոց: Սակայն իմ առաջարկները չեն ընդունվել, և ես ուզում եմ, որպեսզի Դուք հիմա կանգնեք և ուղիղ ասեք, թե ինչու չեք ընդունել իմ առաջարկները»:

«Ուղիղ էլ պիտի ասեմ, բայց ասածս իր մեջ նաև հարց է պարունակելու», - արձագանքեց Ջանջուղազյանը: - «Այդ Ձեր առաջարկները, որ ներկայացվել են, Դուք մնացած առաջարկների համատեքստում քննարկե՞լ եք: Որովհետև Դուք հիմա այնպիսի հարց ձևակերպեցիք, որը չընդունելը, մեղմ ասած, լավ բան չի: Եթե չասենք ավելի կոպիտ բառերով: Բայց ես, ճիշտն ասած, այդպես չեմ վերաբերվում, և փորձեմ պարզաբանել, թե ինչու: Որովհետև Ձեր առաջարկը կտրված ա ընդհանրապես կոնտեքստից: Դուք ասում եք՝ կոնկրետ այ այս տեղում այս դպրոցը կառուցեք: Ինչի՞ շրջանակում»:

Նիստին այսօր ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները: Փաշինյանը սակայն ընդմիջման ընթացքում հեռացավ՝ չսպասելով քննարկման ավարտին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն ու «Բարգավաճ Հայաստանից» Միքայել Մելքումյանը խմբակցությունների անունից ելույթների ժամանակ հայտարարեցին, որ դեմ կքվեարկեն 2020-ի բյուջեի նախագծին:

Իշխող «Իմ քայլը» միայնակ էլ կարող է ընդունել բյուջեի նախագիծը, քանի որ ունի բացարձակ մեծամասնություն:

Մանե Թանդիլյան

Մանե Թանդիլյան․ - «Ընդհանուր առմամբ, «Լուսավոր Հայաստանի» առաջարկությունները, որոնք նաև մանրամասնեցինք, թե ինչ կարևորության են և ինչու, ո՛չ գումարային առումով, ո՛չ ծրագրային առումով պակաս առաջնահերթություն չեն ո՛չ կառավարության համար, ո՛չ էլ ակնհայտորեն մեզ համար, չեն ընդունվել: Իսկ խնդիրները, որոնք մատնանշել ենք նախորդ քննարկումների ժամանակ, ոչ միայն չեն լուծվել բյուջեի լրամշակված տարբերակում, այլ մի բան էլ փաստացի խորացվել են: Հետևաբար մեզ այլ բան չի մնում, քան դեմ քվեարկել բյուջեին»:

Միքայել Մելքումյան

Միքայել Մելքումյան․ - ««Բարգավաճ Հայաստանը» ասել է, վերահաստատում է, որ միանշանակ այս մոտեցումներով այն նպատակները, որ մենք պատկերացնում ենք պետականաշինությունը և պետության, ժողովրդի վիճակի բարելավումը, չի կարող էս ձևով լինել: Եվ մենք ոնց որ ասել ենք, վերահաստատում ենք, որ դեմ ենք քվեարկելու այս բյուջեին»:

Բյուջեի նախագծով նախատեսվում է ունենալ 4,9 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, ինչը, ըստ գործադիրի, թույլ կտա ունենալ կառավարելի ռիսկեր:

Ընդդիմադիրները հայտարարում էին բյուջեն հեղափոխական չէ,ինչին վարչապետ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հակադարձել էր, թե սա ավելի քան հեղափոխական բյուջե է:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց նաև, որ Հայաստանի նվազագույն ՀՆԱ-ն առաջիկա տարում կաճի հասնելով 7,1 մլրդ դրամի , այս տարվա 6,5 մլրդի փոխարեն:

Բյուջեի նախագծի քննարկումները կշարունակվեն վաղը: