Մատչելիության հղումներ

Բյուջե - 2020․ «Ըստ էության»


Բյուջե - 2020․ «Ազատության» տաղավարում բանավիճում են խորհրդարանական երեք խմբակցությունների պատգամավորները:

«Ըստ էության» հաղորդման հյուրերն են՝ Հայկ Գևորգյանը և Հովիկ Աղազարյանը՝ «Իմ քայլը», Միքայել Մելքումյանը՝ «Բարգավաճ Հայաստան», Արկադի Խաչատրյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից:

Ստորև՝ հատված հաղորդումից․

«Ազատություն»․ - Պարոն Խաչատրյան, արդյո՞ք հեղափոխությունից հետո գրավիչ երկիր է ներդրումների համար:

Արկադի Խաչատրյան․ - Կոռուպցիայի դեմ պայքարը և հավասար միջավայրը՝ դրանք անհրաժեշտ, բայց ամենևին ոչ բավարար են: Մենք պիտի առաջարկենք ավելի բարենպաստ պայմաններ, քան՝ Վրաստանը: Մենք գրեթե բոլոր ցուցանիշներով՝ ներդրումային միջավայրի գրավչության, հետ ենք Վրաստանից:

«Ազատություն»․ - Հարկային օրենսգրքի փոփոխությունները քայլ չե՞ն այդ ուղղությամբ:

Խաչատրյան․ - Դրանք քայլ է, բայց շատ նվազ է, այնտեղ շատ ավելի բարենպաստ են:

Մյուսը՝ շատ կարևոր է քաղաքական և իրավական կայունության ապահովումը: Ներդրողները շատ զգայուն են անորոշությունների և ռիսկերի ցանկացած դրսևորման նկատմամբ, նրանք ուղղակի սպասում են, որովհետև ամբողջությամբ կայուն, ապահով, երաշխավորված վիճակ է պետք ներդրողների համար:

«Ազատություն»․ - Վերջացա՞վ նաև այդ փուլը հիմա՝ այդ անկայունության:

Խաչատրյան․ - Շատ դեպքերում՝ ոչ, դեռևս անցումային արդարադատության փուլը և շատ դեպքում՝ քաղաքական հայտարարությունները, որ դեռևս հեղափոխությունը չի ավարտվել, դրանք դեռևս նշանակում են, որ ամբողջությամբ չենք հասել քաղաքական կայունության և քաղաքացիական համերաշխության մեր հանրության մեջ:

Միքայել Մելքումյան․ - Ուրեմն, միտքը, ժողովրդական լեզվով ասած, ո՞նց է՝ «հլը սպասենք, տեսնենք ինչ ա լինում» ուզում են կայունանան խաղի կանոնները․․․

«Ազատություն»․ - Բայց հակառակն էլ կա, չէ՞, «հազիվ բան է փոխվել, եկեք փողը դնենք»․․․

Մելքումյան․ - Չէ, փոխվել է, բայց «հլը սպասենք, տեսնենք»: Փողը նենց բան է, ինքը էդ ընդհանուր կոռուպցիան քչացել է, չկա, արհեստական խոչընդոտներ չկան, բայց ինքը ուզում է հասկանա, տեսնի՝ սա արդեն կայուն վիճակ է՞, որովհետև էդ փողը կարող է կորցնի:

Ես համեմատեմ մարդու օրգանիզմի հետ: Ընդունենք, ասում են՝ «դու առողջ ե՞ս, թե՞ չէ»: Ասենք՝ մարդը ունեցել է տաս հիվանդություն մինչև հեղափոխությունը, մի երեքը-չորսը լուծվել է, էն վեցը-յոթը՝ մնացել,հիմա առողջ է՞, թե՞ չէ: Եթե նույնիսկ երկու հիվանդություն մնա, հլը մարդը առողջ չի: Ներդրումը սիրում է, որ դու առողջ լինես լրիվ, որ ինքը գնա դառնա պրոդուկտ:

Հովիկ Աղազարյան․ - Իմ գործընկերները, փաստորեն, ինչ-որ իմաստով հիմնավորեցին էդ իրավիճակի օբյեկտիվ լինելը: Ընդհանուր առմամբ համաձայն եմ և նաև գտնում եմ, որ դրա համար մի քիչ էլ ժամանակ էր պետք: Եվ բոլոր դեպքերում, առանց դատաիրավական համակարգի վերջնական բարեփոխման, առանց վստահության դատական համակարգի նկատմամբ․․․ որովհետև մենք գիտենք, բազմաթիվ փորձեր ենք լսել, գիտենք, որ մարդիկ եկել են ներդրում են արել ժամանակին, հետո դատական համակարգով էլ իրենց ունեցվածքը կորցրել են: Էդ վստահություն պետք է լինի:

Հայկ Գևորգյան․ - Օրգանիզմը բուժվում է՝ դա միանշանակ է, ու բոլորս էլ տեսնում ենք: Գուցե էն տեմպերով չի, որ նույնիսկ ես կուզենայի՝ շատ ավելի արագ կուզենայի, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ ես կուզենայի վաղը առավոտը արթնանայի ու տեսնեի, որ օրգանիզմը առողջ է:

Անցած տարի էս ժամանակներում բացեք մամուլը՝ «հեսա հողերը հանձնում են, հեսա Ղարաբաղը հանձնում են, հեսա բյուջեն դատարկվելու է, հեսա թոշակները չեն կարողանալու տան» ու էդ քարոզ վրա միլիոնավոր դոլարներ էին ծախսում: Ասենք, տարին ավարտվեց, տեսանք՝ ոչ մի պրոբլեմ չկա, թոշակն էլ ժամանակին եղավ, ամեն ինչ նորմալ է: Այսինքն՝ նաև մենք պիտի հաղթահարենք էդ, սպասումներ են ձևավորում ենթագիտակցության մեջ:

Ինչ վերաբերում է ներդրումներին՝ այստեղ մենք գործ ունենք ոչ էնքան հավաստի կամ ճիշտ մեթոդոլոգիայով իրականացվող վիճակագրության հետ: Երբ որ մենք ասում ենք՝ ներդրումային միջավայր, դրա ֆոնի վրա մենք նայում ենք օտարերկրյա ներդրումներին, իսկ էդ օտարերկրյա ներդրումների շատ զգալի մասը, նախկինում էլ, եթե բացեք տեսնեք, օֆշորներից էր, դրանք հայկական ծագումնաբանությամբ ներդրումներ էին: Հիմա էդ օտարերկրյա չէ, այլ ներքին ներդրումներ են լինում: Ակնհայտ է, չէ՞, եթե ամեն ինչը մի կողմ թողնենք, շինարարության ու գյուղմթերքի վերամշակման առումով ահռելի աճ ենք մենք տեսնում, բայց դա որևէ կերպ չի արձանագրվում որպես օտարերկրյա ներդրում, որովհետ ներքին ներդրումներ են դա:

Իհարկե, օտարերկրյա ներդրումների հետ կապված բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք օբյեկտիվորեն ժամանակ են ուզում՝ լուծելու համար, բայց որ դրանք լուծվելու են շատ կարճ ժամանակում, կարող եք չկասկածել, և հաջորդ տարի մենք կտեսնենք բոլորովին այլ վիճակ Հայաստանում, քան հիմա է:

«Ըստ էության» հաղորդաշարի նոյեմբերի 21-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG