«Թող Սերժ Սարգսյանին հարցնեն, թե որոնք են քաղաքական հետապնդումները»․ «Իմ քայլ»-ի պատգամավորը հակադարձում է ՀՀԿ-ին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյան, արխիվ

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, ի պատասխան Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) երեկ տարածած այն հայտարարությանը, թե Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը «քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում է», ասում է․ - «Իրենք թող գնան Սերժ Սարգսյանին հարցնեն, թե որոնք են քաղաքական հետապնդումները, ինքն էլ լավ կհիշի, թե ինչքան մարդու նկատմամբ է ինքը նման քայլեր ձեռնարկել, ու նոր համեմատեն, հասկանան, թե էն ժամանակ ինչ էր քաղաքական հետապնդումը, իսկ էսօր քրեական հետապնդումը ինչ է իրենից ներկայացնում»:

Պաշտոնաթող նախագահը մեղադրվում է մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հանրապետականի գնահատմամբ՝ կուսակցության նախագահին առաջադրված մեղադրանքը շինծու է և անհեթեթ։

«Այս գործընթացի նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ֆոնին, այդ թվում՝ բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում: Նման բիրտ քայլերով իշխանությունները նպատակ ունեն նաև շեղել հայ ժողովրդի ուշադրությունը երկրում օրեցօր սրացող բազմաթիվ այլ խնդիրներից: Տվյալ գործընթացի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանում իշխանությունը զավթած պոպուլիստական և ավտորիտար ռեժիմի վրա», - ասված է Հանրապետականի հայտարարությունում: Նախկին իշխող կուսակցության պնդմամբ՝ գործող վարչակազմին «ցնցումների մեջ է գցում Հանրապետականի ներքաղաքական և արտաքին քաղաքական գործունեությունը»:

Իշխանական պատգամավորն արձագանքում է․ - «Գործողությունները դուրս են կոնստրուկտիվ, ինչ-որ քննարկումներից, ես, որպես կանոն, չեմ ցանկանում տվյալ դեպքում մեկնաբանություններ տալ: Անկեղծ ասած, դեռևս ես էլ, ինչպես իրենք էլ, այդպես էլ դուք էլ, ծանոթ չենք էդ մեղադրանքին, ու այնքանով, որքանով հրապարակվել են թվեր, գումարներ, և չէինք կարող որևէ գնահատական տալ էդ իրավիճակում: Միայն այն, ինչ որ մամուլում է ներկայացված, բավարար չի՝ գնահատական տալու, թե արդյոք էստեղ կան իրավական հիմքեր, թե չէ: Պետք է սպասել գործի զարգացմանը, որից հետո էլ գնահատական տալ սրան»:

Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հայտարարությունը «ընդամենը իրենց ղեկավարի չհաջողված պաշտպանության գործընթացի մասնիկ է»: «Բոլոր դեպքերում, ես էլ, հակառակը, կոչ կանեմ, որպեսզի տվյալ անձնավորության պաշտպանությունն իրականացվի օրենքի սահմաններում, և իշխանությունները այդտեղ մեծ դերակատարում ունեն՝ ապահովելու, որպեսզի Սերժ Սարգսյանի պաշտպանությունը լիարժեք և օրենքների սահմանով հնարավոր լինի իրականացնել, այսինքն՝ արդար դատաքննության իրավունքի ապահովման խնդիր ունի իշխանությունը: Եվ այդ խնդրի չապահովելը միայն կարող է առաջացնել և՛ իրենց, և՛ ողջամիտ բոլոր անձանց կողմից անհամաձայնություն: Իսկ եթե իշխանությունը ապահովում է մարդու իրավունքների լիարժեք, շահերի պաշտպանություն, այստեղ ավելին անել իշխանությունը չի կարող», - ընդգծեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

Հանրապետականի հայտարարությանն անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքով՝ իրենք ցնցված են «հայտարարության դիպուկ և շիտակ բովանդակությունից»: