Բաքուն ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը շրջանառության մեջ է դրել Ղարաբաղի հարցով իր դիրքորոշումը

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Սլովիակիայի մայրաքաղաքում այսօր մեկնարկած ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովին պաշտոնական Բաքուն շրջանառության մեջ է դրել իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

Նիստին մասնակցում է նաև Հայաստանի արտգործնախարարը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ նախատեսված է Մնացականյան-Մամեդյարով այս տարվա ընթացքում արդեն հինգերորդ հանդիպումը:

Էլմար Մամեդյարովն իր հետ Բրատիսլավա է տարել ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված՝ պաշտոնական Բաքվի պատկերացրած քայլերի մասին մի փաստաթուղթ, որում, սակայն, որևէ նորություն չկա: Ադրբեջանը, որը հակված է հակամարտության կարգավորման փուլային տարբերակին, այդ փաստաթղթում ևս շարունակում է պնդել․ - «Առաջին քայլը պետք է դառնա հայկական զինված ուժերի անառարկելի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի շրջանից և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներից»: Հաջորդ քայլը, Բաքվի պատկերացմամբ, պետք է լինի ադրբեջանական բնակչության վերադարձը` անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների պահպանմամբ, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը: Այս քայլերից հետո միայն Բաքուն պատրաստ կլինի որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, բայց, ինչպես ընդգծվում է փաստաթղթում, Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի Սահմանադրությանը համապատասխան:

«Կարգավիճակի սահմանումը պետք է տեղի ունենա խաղաղ պայմաններում օրինական գործընթացների շրջանակներում՝ Ադրբեջանի շրջան Լեռնային Ղարաբաղի ամբողջական և հավասար մասնակցությամբ, այսինքն՝ հայկական և ադրբեջանական համայնքների ու Ադրբեջանի կառավարության հետ նրանց փոխգործակցության բացառապես օրինական և ժողովրդավարական գործընթացում», - նաև ասվում է Ադրբեջանի իշխանությունների հեղինակած փաստաթղթում:

Բաքուն վերջում հավելում է, որ չի տեսնում հակամարտության քաղաքական կարգավորում իր նշած այդ շրջանակներից դուրս:

Առայժմ հստակ չէ՝ այսօրվա նիստի արդյունքներով համատեղ հայտարարություն կընդունվի՞, թե՞ ոչ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին Բաքվում ասել է, թե հույս ունի, որ Բրատիսլավայում հնարավոր կլինի ընդունել ընդհանուր հայտարարություն, որի տակ կստորագրեն հինգ նախարարներ՝ Հայաստանի, Ադրբեջանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի արտգործնախարարները:

Բրատիսլավա մեկնելուց առաջ Հայաստանի արտգործնախարարը ղարաբաղյան կողմի հետ հանգամանալից քննարկումներ է ունեցել: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Զոհրաբ Մնացականյանը և Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը քննարկել են կայանալիք հանդիպմանն ընդառաջ Հայաստանի ու Արցախի ակնկալիքներն ու առաջնայնությունները: «Երկուստեք ընդգծվեց Արցախի ժողովրդի մանդատը վայելող իշխանությունների լիարժեք ներգրավվածության անհրաժեշտությունը խաղաղ գործընթացին, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ», - ասված է հաղորդագրությունում:

Երկու նախարարները հանդիպել են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: