Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մասիս Մայիլյանն այսօր քննարկել են Բրատիսլավայի համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայանալիք հանդիպմանն ընդառաջ Հայաստանի և Արցախի ակնկալիքներն ու առաջնայնությունները:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց նման ձևաչափով պարբերաբար հանդիպումների անցկացման կարևորությունը՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է ընձեռում հանգամանալից մտքեր փոխանակելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերի և հեռանկարների շուրջ։
Ըստ Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացման համատեքստում ընդգծվել է Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչների միջև իրականացված փոխանակման ծրագրի անցկացումը:
Նախարար Մնացականյանը վերահաստատել է հրադադարի ամրապնդման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը՝ շփման գծում միջադեպերի կանխման նպատակով:
Երկուստեք ընդգծվեց Արցախի ժողովրդի մանդատը վայելող իշխանությունների լիարժեք ներգրավվածության անհրաժեշտությունը խաղաղ գործընթացին, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: