Բարեմաղթանքների բացի՞կ, թե գործող համակարգ. քննարկում առողջապահական հարկի վերաբերյալ

«Եթե տղան գալիս է ոսկե սարեր է խոստանում, մի հատ ստից մատանի ոսկե չի առաջարկում այդ պահին, ես հասկանում եմ, որ նրա մտքերը պղտոր են», - բժիշկ Հայկ Մանասյանը վստահ է՝ Առողջապահության նախարարությունը հենց այսպիսի նպատակ է հետապնդում՝ պարտադիր բուժապահովագրության 6 տոկոսանոց հարկատեսակ առաջարկելով։

Մանասյանը ողջ փաթեթը բարեմաղթանքների բացիկ է անվանում, որի համար չի պատրաստվում վճարել ոչ մի կոպեկ։ Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը կարծում է, որ 20 տարի խոսվել է ապահովագրության անհրաժեշտության մասին և վերջապես, հենց հիմա նախարարությունը քաղաքական կամք է դրսևորել. կազմել այն ու հանրային քննարկման դրել:

«Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ ամենահաջողված մոդելները առողջապահության ապահովագրական համակարգի ներդրումն է: Թե ինչպիսի ապահովագրական համակարգ ներդնել, եկեք սկսենք էսպես՝ մենք ներկայացրել ենք նախագծային փաստաթուղթ, խնդրեմ, քննարկենք էտապ առ էտապ», - ասաց Վարդանյանը:

Բանավեճի մասնակիցները սոցիալական համերաշխության վերաբերյալ տարբեր պատկերացումներ ունեն. նախարարության ներկայացուցիչը բնական է համարում, որ Հայաստանում գրանցված աշխատանք ունեցողները վճարեն բոլորի առողջական կարիքների համար։ Հայկ Մանասյանը հնարավոր չի համարում համերաշխություն այնտեղ, որտեղ մի խումբ աշխատողներ վճարում են, իր ձևակերպմամբ, մի խումբ ոչինչ չանողների համար։ Նույն կարծիքին է հարկատուների պաշտպանություն հասարակական կազմակերպության ղեկավար Փայլակ Թադևոսյանը, նա նախարարության առաջարկն ընդհանրապես հակահեղափոխական քայլ է համարում:

«Մենք ինչքան կարող ենք այդ աշխատողների վրա բեռը բարձրացնել էլի, այսինքն ինչի՞ համար, սոցիալական համերաշխությո՞ւն դնել: Եկեք մի հատ քննարկենք՝ այդ սոցիալական համերաշխությունը ինչին պիտի վերաբերի՝ կրթությանը, առողջապահությանը, իմ վերցրած վարկերին», - նշեց Թադևոսյանը:

Նախարարության ներկայացուցիչն ասում է՝ պատրաստ են լսել ցանկացած առաջարկ, միայն թե խնդրում է՝ առողջությունն այլ հարցերի հետ չխառնել:

«Առողջության հարկը համեմատելի չէ որևէ այլ հարկի հետ: Իրա բուն էությունն ընդհանուր առմամբ՝ էդ հարկը վերադառնում է նորից մեր առողջության ձևով և հասարակությունը էդտեղ շահելու է, միանշանակ», - ասաց Ծաղիկ Վարդանյանը:

«Ինչպե՞ս է շահելու հասարակությունը, եթե այսօր առողջապահության ոլորտը որակ չունի, եթե ես վաղը 150 միլիարդ վճարեմ, դուք որակյալ բուժօգնություն ունե՞ք», - հարցնում է բժիշկ Մանասյանը՝ շարունակելով․ «Դու չունես ո՛չ ուղեցույցներ, դու չունես ո՛չ սքրինինգային ծրագրեր, դու չունես ո՛չ պատրաստված բժիշկներ, քո ավարտական ուսանողները իրենց ավարտական քննությունը, եթե միջազգային ստանդարտների համապատասխանեն, 90 տոկոսով կկտրվեն այդ քննությունը»:

Բուժհաստատություններից մեկը դեռևս Խորհրդային Միության բլանկներով է աշխատում՝ ասաց նա։

Ի դեպ, ապահովագրության ոլորտի փորձագետներն էլ են մտահոգված, որ համակարգը բոլորովին պատրաստ չէ նման նորամուծության և քաղաքացիներից փող պահանջելուց առաջ պետք է այն ժամանակակից ստանդարտի բերվի՝ թե՛ բուժսպասարկման որակի ու թե՛ ծառայությունների ավտոմատացման առումով։ Նախարարության ներկայացուցիչ Ծաղիկ Վարդանյանը համաձայն է, բայց կարծում է, որ մինչև 2022 թվականը կհասցնեն:

«Որակը կլինի այն ժամանակ, երբ որ լինի ուժեղ, ճիշտ, էսպես ասած, համակարգ, որտեղ արատավոր օղակներ չկարողանան ստեղծել», - ասաց Վարդանյանը:

Մանասյանն առաջարկում է ապահովագրությունն սկսել փուլերով և գումար, օրինակ 500 դրամ, պահանջել բոլորից և սկսել անպայման քաղցկեղային հիվանդությունների բուժումից։ Շեշտում է՝ մինչ մենք քննարկումներ ենք անում, ամեն օր սոցիալական աղետ դարձած այս հիվանդությունից մարդիկ են մահանում։ Ըստ նրա, պետությունը պետք է այս հարցը լուծի, ապա առաջ անցնի:

«Ցույց տվեք, որ դուք գործ անել գիտեք, դուք կազմակերպել գիտեք և հաջորդ տարի եկեք ու ասեք՝ «ժողովուրդ, ևս այսքան գումար մեզ տրամադրեք, մենք հաջորդ փուլը հարցի լուծենք», - ընդգծեց բժիշկ Հայկ Մանասյանը:

Ծաղիկ Վարդանյանը վերադառնում է միջազգային փորձին, պնդում է, հատվածային լուծումը ոչինչ չի տալու, անհրաժեշտ է համապարփակ լուծում և ճշտում՝ համապարփակը վերաբերում է բնակչությանը , և ոչ թե բուժծառայությունների ծավալին։ Նախարարության ներկայացուցիչն ընդհանուր առմամբ շատ դրական է գնահատում տարբեր հարթակներում սկսված թեժ բանավեճերն այս նոր հարկատեսակի վերաբերյալ։ Կանխատեսում չունի՝ ի վերջո այն կընդունվի, թե ոչ։