Մատչելիության հղումներ

Առողջության հարկի ներմուծմանը դեմ քվեարկողների թիվն ավելացել է


Առողջապահության նախարարության առաջարկը առողջության 6 տոկոսանոց հարկ սահմանելու մասին հանրային քննարկման է դրված ու քվեարկվում է իրավական ակտերի նախագծերի կայքում:

Ի տարբերություն առաջին օրերի, այժմ այդտեղ ավելի շատ են առողջության հարկին դեմ քվեարկողները: Հանրային բանավեճին պարբերաբար արձագանքում է Առողջապահության նախարարը՝ ֆեյսբուքյան հանրագրերով:

«Ուզում եմ հիշեցնել, որ առողջության ապահովագրության համար գանձվող գումարը միևնույնն է ծախսվում է հենց ձեր գրպանից, և պետությունը նոր հարկատեսակով որևէ եկամուտ չի ակնկալում։ Բոլորը հենց հիմա բժշկական ծախսեր են անում և հաճախ այնպիսի ծախսեր, որ բերում են ընտանիքների աղքատացման։ Եվ եթե համակարգը ներդրվի, այն պաշտպանելու է հենց ձեզ թե՛ առողջ և երիտասարդ, թե՛ ոչ այնքան առողջ և ոչ այնքան երիտասարդ տարիքում», - գրել է Թորոսյանը։

Առաջարկվող համապարփակ ապահովագրության նախագծով բուժօգնության փաթեթ ստանում են Հայաստանի բոլոր քաղաքացիները՝ աշխատող քաղաքացիների աշխատավարձից պահված 6 տոկոսանոց հարկի շնորհիվ:

«Ինգո Արմենիան» Հայաստանում կամավոր առողջապահական ապահովագրություն տրամադրող ընկերություններից առաջատարն է: Դեռևս 90 ականների վերջից նրանց փաթեթներից օգտվել են դեսպանատների աշխատակիցները, այժմ նաև պետական սոցփաթեթի սպասարկմամբ են զբաղված:

Ընկերության տնօրեն Արևշատ Մելիքսեթյանն ասում է, որ նախագիծը սպասված է, ողջունելի, բայց ունեն առարկություններ․ - «Եթե ունենք կշեռքի նժարին վեց տոկոս և ունենք փաթեթ․․․ Այն փաթեթը, որ այսօր ներկայացված է, վեց տոկոսը միգուցե համաչափ է հաշվարկված: Բայց արդյո՞ք այս փաթեթը բավարար է, որպեսզի հասարակությունն իրեն զգա ամբողջությամբ ապահովված, վեց տոկոսը վճարելուց հետո հանգիստ ասի՝ ես պետության կողմից երաշխավորված եմ»:

Ըստ Մելիքսեթյանի, մարդիկ ավելի լայն ծառայությունների կարիք ունեն, քան այն, ինչ նախագծով է սահմանված: Օրինակ, ասում է, հաշվարկված է, որ հայաստանցիները առողջապահական ծախսերի 30 տոկոսն ուղղում են ատամնաբուժությանը, իսկ պետության նախագծած փաթեթում միայն ատամի հեռացում ու պրոթեզավորում է նախատեսված:

Ուրիշ օրինակներ էլ ունի․ - «Քաղցկեղով հիվանդների դեպքերն են մեծ ծախսերը, որոնք՝ քիմիաթերապիան և ճառագայթային թերապիան ներառված են, բայց սահմանափակ քանակով: Իսկ լինում են դեպքեր, երբ մարդկանց պետք է ոչ թե մեկ կուրս, այլ մեկ տարվա մեջ երեք կամ չորս կուրս»:

Ապահովագրական ընկերության ներկայացուցչի խոսքով, պարզ չէ նաև, թե 6 տոկոսն ինչպես է հաշվարկվել: Արևշատ Մելիքսեթյանը շեշտեց, որ որպես տնտեսագետ է ասում՝ 3 միլիոն քաղաքացու և շուրջ 16 հազար բուժաշխատողների միջև կապը ոչ թե թղթերով պետք է լինի, այլ ավտոմատացված համակարգով: Միայն այս կերպ է, ըստ նրա, հնարավոր գնահատել բուժօգնությունը․ - «Որտեղ կլինեն երեք միլիոն մարդկանց իդենտիֆիկացված տվյալները, որտեղ կան այն բժիշկները, որոնք գիտեն ամեն մարդու դիագնոզները և ինչ կարիք ունեն: Ու կա ամենակարևորը՝ ուղեցույցները, ոնց է պետք ամեն դիագնոզը բուժվի»:

Նրա համոզմամբ, առանց այս ամենի, գումարների թափանցիկ բաշխման մասին խոսել հնարավոր չէ:

Ինչ վերաբերում է այսօր գործող ապահովագրական ընկերություններին, ապա Արևշատ Մելիքսեթյանը շեշտում է, որ պետության համապարփակ ապահովագրության կողքին իրենք կարող են առաջարկել ավելին․ օրինակ, պետությունը տեղ կտրամադրի հիվանդասենյակում, իրենք կառաջարկեն առանձին հիվանդասենյակ՝ իհարկե լրացուցիչ գումարի դիմաց:

«Մասնավոր ապահովագրական փաթեթները մենք առաջարկել ենք և պատրաստվում ենք առաջարկել ի լրումն այս ամեն ինչին, ձեր նախընտրած պրոֆեսորի մոտ: Կարելի է ասել, մարդկանց կապրիզն է, որի համար պետք է վճարել», - նշեց նա:

Համապարփակ ապահովագրության առաջարկին ավելի ակտիվ դեմ են արտահայտվում արդեն իսկ ապահովագրություն ունեցողները: Նրանք ասում են, թե ավելի էժան գնով արդեն իսկ հոգում են իրենց առողջական հոգսերը:

Նախարար Թորոսյանը հակադարձում է, թե կամավոր ապահովագրական համակարգը 100 հազար քաղաքացու հարց է լուծում, իսկ համապարփակը՝ բոլորինը:

Ի դեպ, դեմ տեսակետներ են հնչում նաև բժշկական հանրությունից: Գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանն ֆեյսբուքյան կես ժամանոց եթերում քննադատել ու առաջարկ է ներկայացրել: Բժիշկ Մանասյանը նախ շեշտում է, որ սա բոլորովին էլ 100 տոկոսանոց բուժապահովագրություն չէ, ու խոսքը քիթը փոքրացնելու կամ կուրծքը մեծացնելու քմահաճույքների մասին չէ. - «Հեպատիտ C-ի բուժումը չի փոխհատուցվում, հեպատիտ B-ի բուժումը փոխհատուցվում է ոչ այնքան որակյալ, որքան կարելի է 2019 թվին այդ հեպատիտ B-ն բուժել, խոցային կոլիտի բուժումը չի փոխհատուցվում․․․ բա ի՞նչ եք փոխհատուցում»:

Մանասյանը կողմ է համապարփակ առողջապահական ապահովագրությանը, բայց առաջարկում է դա անել աստիճանաբար: Սկսել, օրինակ, 500 դրամից, որ պետք է վճարեն բոլորը, անկախ նրանից աշխատում են, թե ոչ․ - «Սոցիալական համերաշխություն չի լինում, երբ դու ինձանից վերցնում ես ամեն ինչ, իսկ դիմացիս հարևանից ոչինչ չես վերցնում: Ու ասում ես՝ Հայկ, դու փոխհատուցի հարևանից համար: Չէ՛»:

XS
SM
MD
LG