ԱՄՆ Կոնգրեսում 4 պրոֆեսորներ ցուցմունք կտան նախագահի իմփիչմենթի սահմանադրական հիմքերի հարցով

ԱՄՆ նախագահի իմփիչմենթի հարցով լսումներ Կոնգրեսի հանձնաժողովներից մեկում, նոյեմբեր, 2019թ․

ԱՄՆ Կոնգրեսի արդարադատության հարցերով հանձնաժողովը հայտնում է չորս վկաների մասին, ովքեր հանդես կգան նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործով բաց լսումներին, որոնք մտնում են նոր փուլ:

Չորս պրոֆեսորները ելույթ կունենան դեկտեմբերի 4-ին, նրանք մասնավորապես ցուցմունք կտան նախագահի իմփիչմենթի սահմանադրական հիմնավորումների հարցով:

Հանձնաժողովը նաև դեմոկրատների կողմից անցկացված լսումների մասին զեկույցը կստանա, որում ներկայացված են ապացույցներ, որոնք, ըստ Թրամփի ընդդիմախոսների, վկայում են նախագահի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման մասին: Զեկույցը կհրապարակվի դեկտեմբերի 3-ին, նույն օրը Ներկայացուցիչների պալատը պետք է քվեարկի այդ փաստաթուղթը՝ նախքան այն Արդարադատության հարցերով հանձնաժողովին փոխանցելը:

Դեմոկրատները փորձում են պարզել, թե արդյոք Թրամփը ճնշում է գործադրել ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու նկատմամբ՝ պահանջելով հետաքննություն սկսել իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի և նրա որդու վերաբերյալ: Նախկին փոխնախագահի որդին ժամանակին աշխատել է ուկրաինական էներգետիկ ընկերություններից մեկում:

Թրամփը և իր փաստաբանները նույնպես հրավիրվել են Արդարադատության հարցերով հանձնաժողով ցուցմունք տալու, սակայն Սպիտակ տունը հրաժարվել է: