Ադրբեջանի Միլի մեջլիսն այսօր քննարկում է խորհրդարանը ցրելու նախաձեռնությունը

Ադրբեջանի խորհրդարանի նիստ, արխիվ

Ադրբեջանի Միլի մեջլիսը այսօր քննարկում է խորհրդարանը ցրելու և վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու իշխող կուսակցության նախաձեռնությունը:

Ադրբեջանի Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանի լուծարման դեպքում արտահերթ ընտրությունները նշանակվում են ոչ շուտ քան 60 օրվա ընթացքում: Այսպիսով, վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները Ադրբեջանում, ըստ ամենայնի, տեղի կունենան հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին: Օրենքի համաձայն՝ Ադրբեջանում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային հաջորդ տարվա աշնանը:

Խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունեցող՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած քաղաքական ուժը՝ «Ենի Ազերբայջան»-ը, որի ձեռքում է 125 մանդատներից 70-ը, անցյալ շաբաթ հայտարարեց, թե ցանկանում են լուծարել իրենց վերահսկողության տակ գտնվող օրենսդիր մարմինը, որը, ինչպես պնդում են, խանգարում է երկրի առաջնորդի բարեփոխումներին: Ալիևի կուսակից պատգամավորները, սակայն, չեն մանրամասնել, թե ինչպես են հատկապես խոչընդոտում կառավարության քայլերին և ինչ նկատի ունեն բարեփոխումներ ասելով:

«Նախագահին խանգարող» խորհրդարանի լուծարման մասին անսպասելի հայտարարությունները Ադրբեջանում տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տվել: Պատճառների մասին չկա պաշտոնական պարզաբանում, հնչում են բացառապես ենթադրություններ:

Ադրբեջանի քաղաքագիտական շրջանակներում կարծում են, որ խորհրդարանի լուծարումը իշխանության ներսում առկա ճգնաժամի մասին է վկայում, մի մասը պնդում է, որ օրենսդիր մարմնի արտահերթ ընտրությունները նշանակում են հերթական փուլը իշխանությունը նախագահից առաջին փոխնախագահին` առաջին տիկին Մեհրիբան Ալիևային սահուն փոխանցելու ճանապարհին:

«Թուրան» գործակալության գլխավոր խմբագիր Մեհման Ալիևի գնահատմամբ՝ 2015-ի նոյեմբերին ընտրված խորհրդարանի լուծարումը վկայում է Մեհրիբան Ալիևային նոր վարչական լծակներ տալու մասին:

«Թուրան»-ի խմբագիրը հավելում է, որ նախագահ Ալիևի նախաձեռնած կադրային փոփոխությունները, ընդհուպ՝ իր աշխատակազմում, հենց այդ մասին են խոսում՝ նա ազատվել է հին կադրերից, ինչպիսիք են նախագահական աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը, ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը, նախագահի օգնական Ալի Հասանովը, և փոխարենը, ինչպես նշում է Մեհմա Ալիևը, պաշտոններ են ստացել Մեհրիբան Ալիևայի վերահսկողության տակ գտնվող ոլորտներում աշխատող անձինք: