Բիշքեկում կայացավ ՀԱՊԿ գագաթնաժողովը

ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները, Բիշքեկ, 28-ը նոյեմբերի, 2019թ․

ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները, Բիշքեկ, 28-ը նոյեմբերի, 2019թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Բիշքեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա՝ ընդլայնված կազմով նիստը:

Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ՀԱՊԿ անդամ երկրների միջև կազմակերպության շրջանակում և միջազգային ասպարեզում փոխգործակցության հետ կապված հարցեր:

Իր խոսքում վարչապետը նշել է, որ Հայաստանը մտադիր է այսուհետ ևս շարունակել իր ներդրումն ունենալ ՀԱՊԿ-ի արդյունավետության հետագա բարձրացման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ զգալի ներուժ է տեսնում անդամ երկրների միջև համագործակցության զարգացման համար:

Անդրադառնալով Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության հետ կապված իրավիճակին՝ Փաշինյանը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին: Նա համոզմունք է հայտնել, որ ռազմատենչ նկրտումները բացարձակապես անհեռանկարային են և խաղաղ բանակցություններին ու խնդրի խաղաղ լուծմանը այլընտրանք չկա: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ՀԱՊԿ երկրների անվտանգության համար: Նա նաև ընդգծել է, որ որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար:

Հայաստանի վարչապետն անդրադարձել է նաև Սիրիայում տիրող իրավիճակին և կարևորել երկրում խաղաղության ու կայունության ամրապնդումը:

ՀՀ կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել կազմակերպությունում Ռուսաստանի նախագահությանը, որը համընկնում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը սատարում է նախագահության շրջանակներում առաջնահերթությունների իրականացմանը:

Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր: Դրանց թվում են` համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակներով միջազգային համագործակցության կատարելագործմանը, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի տոնակատարության միջոցառումների ծրագրին, ՀԱՊԿ նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունների սահմանմանը, պաշտպանա-արդյունաբերական համալիրների կազմակերպությունների և ձեռնարկությունների ինտեգրացիոն կապերի զարգացմանը, համատեղ գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող փաստաթղթեր:

Նիստի մասնակիցները քննարկել են նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, դիտարկել են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դիմակայմանն առնչվող թեմաներ, ինչպես նաև ՀԱՊԿ-ում Ռուսաստանի Դաշնության գալիք նախագահության ժամանակահատվածում աշխատանքի առաջնահերթ ուղղությունները: