ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հանրահավաք է անցկացրել Ֆլորիդայում: Ֆլորիդան այն նահանգներից մեկն է, որտեղ հանրապետականներն ու դեմոկրատները հստակ առավելություն չունեն միմյանց նկատմամբ:
Իր դեմ իմփիչմենթի լսումները Թրամփը «խաբեություն և կեղծիք» է որակել՝ պնդելով, որ Ուկրաինայի հետ կապված ինքը ոչ մի անօրինական բան չի արել:
«Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ իր վրա ճնշումներ չեն եղել: Նա միակն է, ով այս հարցում կարևոր է: Նա ասել է, որ որևէ ուղիներով ճնշումներ չեն եղել: Նրանք նույնիսկ չգիտեն՝ ինչի մասին են խոսում: Դա խաբեություն է կեղծիք: Ես երբեք ուղիղ կապ չեմ ունեցել հետաքննության, կամ ռազմական օգնության աջակցության հետ: Մենք ոչ մի սխալ բան չենք արել», - Ֆլորիդայի հանրահավաքում հայտարարել է Դոնալդ Թրամփը:
Միացյալ Նահանգների նախագահի ընդդիմախոսները պնդում են, որ այս տարվա հուլիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում Թրամփը ուկրաինացի պաշտոնակցին խնդրել է հետաքննություն սկսել իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բադենի դեմ, ով տարիներ առաջ Ուկրաինայում բիզնես գործունեություն է ծավալել: