Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տան դատական հարցերով հանձնաժողովի նախագահը նամակ է հղել Սպիտակ տուն՝ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրելով դեկտեմբերի 4-ին մասնակցելու նրա իսկ իմփիչմենթի հարցով լսումներին: Թրամփը դեռևս չի արձագանքել նամակին:
Դատական հարցերով հանձնաժողովի լսումները նշանակում են, որ այդ հանձնաժողովն արդեն պետք է գնահատի հավաքված ապացույցները, և եթե որոշվի, որ Թրամփին պաշտոնանկ անելու բավարար հիմքեր կան, ապա պետք է համապատասխան հոդված կազմվի ու քվեարկության դրվի Ներկայացուցիչների տան լիագումար նիստում, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատները: