Սպիտակ տունն է խնդրել արգելափակել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սպիտակ տանը համատեղ ասուլիսի ժամանակ, 13-ը նոյեմբերի, 2019թ․

Ամերիկյան մամուլը նոր մանրամասներ է հաղորդում կուլիսային բանակցություններից, որոնց արդյունքում շաբաթներ առաջ Լինդսի Գրահամը Սենատում արգելափակեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: «Հորդորը եկել էր Սպիտակ տնից», - գրում է Axios պարբերականը՝ մանրամասնելով․ - «Շատերն էին վրդովվել ու տարակուսել, երբ Թուրքիայի նախագահի հետ Սպիտակ տանը թեժ վիճաբանելուց հետո հանրապետական սենատորն անմիջապես շտապել էր Սենատ և արել մի բան, որն ամենայն հավանականությամբ ուրախացնելու էր Էրդողանին. Լինդսի Գրահամը տեղում արգելափակել էր բանաձևը, որով Սենատը պաշտոնապես ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը»:

Ընդ որում, մինչ այդ, մասնակցելով Թրամփի և Էրդողանի՝ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը, Գրահամը կոշտ հանդիմանել էր Թուրքիայի առաջնորդին Սիրիա ներխուժելու և քրդերի վրա հարձակվելու համար: Ականատեսները լրատվամիջոցներին պատմել էին՝ երբ իրեն արդարացնելու համար Էրդողանը հանել է iPad-ն ու հակաքրդական, ակնհայտ քարոզչական տեսանյութ ցուցադրել՝ Քրդական դեմոկրատական ուժերի առաջնորդին ներկայացնելով որպես ահաբեկիչ, Գրահամը հակադարձել է՝ ասելով․ - «Ուզո՞ւմ ես ես էլ ասեմ քրդերին՝ մի տեսանյութ էլ պատրաստեն, թե դո՛ւ ինչ ես արել նրանց հետ»: «Միայն թե դրանից հետո, երբ սենատորը պատրաստվել է լքել Օվալաձև աշխատասենյակը, նրան է մոտեցել Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ու խնդրել, որ նա Սենատ վերադառնա և արգելափակի Էրդողանին կատաղեցնող՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը», - գրել է Axios-ը:

Գրահամը հաստատել է այս տեղեկությունը․ - «Հանդիպումից հետո մենք իրար գլխի հավաքվեցինք ու սկսեցինք քննարկել տեղի ունեցածը: Ինձ մոտեցավ Սպիտակ տան օրենսդրական հարցերով պաշտոնյան, ասաց, որ Նյու Ջերսիից ընտրված սենատոր Բոբ Մենենդեսը պատրաստվում է քվեարկության դնել Հայոց ցեղասպանության բանաձևն ու խնդրեց՝ «չէի՞ք արգելափակի»: Ես ասացի՝ անշուշտ»: Ընդ որում, հանրապետական սենատորը պնդել է, թե վարչակազմի այդ խնդրանքին ընդառաջել է զուտ այն պատճառով, որ Թուրքիայի նախագահն այդ ժամանակ դեռ եղել է Վաշինգտոնում: «Ժամանակը նպատակահարմար չէր, ես փորձում եմ հնարավորության դեպքում փրկել թուրք-ամերիկյան հարաբերությունները», - ասել է նա:

Սենատում, մինչդեռ, Գրահամը բոլորովին այլ պատճառաբանություն էր ներկայացրել: «Կարծում եմ՝ մենք ոչ թե պետք է գունազարդենք պատմությունը կամ փորձենք այն վերաշարադրել, այլ՝ զբաղվենք ներկայի խնդիրներով: Հաշվի առնելով Սիրիայում ստեղծված իրավիճակը, և որոշակի հույսը, որ մենք միգուցե կարող ենք լուծումներ գտնել, ես արգելափակում եմ այս բանաձևը, ոչ թե անցյալի պատճառով, այլ՝ հանուն ապագայի», - հայտարարել էր սենատորը:

Axios-ի թղթակիցը հետաքրքրվել է՝ «անհարմար չզգացի՞ք այդ քայլն անելիս»: «Անհարմար էր», - ընդունել է Գրահամն ու խոստացել՝ նման բան այլևս չի լինի: «Մենենդեսն ինձ դուր է գալիս, նա տարիներով աշխատում է այդ փաստաթղթի վրա, բայց կարծում եմ՝ չափից դուրս կլիներ քվեարկությունը հենց այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահը մեր քաղաքում էր: Բայց հաջորդ անգամ չեմ պատրաստվում արգելափակել այն», - ասել է նա:

«Հաջորդ անգամ»-ը շատ չուշացավ. ուղիղ մեկ շաբաթ անց դեմոկրատ Ռոբերտ Մենենդեզը վերստին շրջանառության մեջ էր դրել թիվ 150 բանաձևը՝ կոչ անելով Սենատին անհապաղ անցնել քվեարկության: Այս անգամ նրան էր միացել նաև հանրապետական Թեդ Քրուզը, ով Գրահամի հետ ներկա էր եղել նախագահներ Թրամփի և Էրդողանի հանդիպմանը:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է և կարևոր դաշնակից, բայց ընկերները և դաշնակիցները կարող են միմյանց ասել ճշմարտությունը: Եվ մենք չենք հարգում Ամերիկան ու մեր դավանած արժեքները, եթե վախենում ենք ասել ճշմարտությունը և միտումնավոր մասնակցում ենք դրա քողարկմանը», - ընդգծել էր Քրուզը:

Բանաձևը, սակայն, կրկին արգելափակվել էր, այս անգամ՝ հանրապետական Դեյվիդ Փերդյուի ջանքերով: Ընդ որում, Axios-ը պնդում է, թե հորդորը կրկին եկել է Սպիտակ տնից: Սենատորի խոսնակը պարբերականին ասել է՝ Փերդյուն գնացել է այդ քայլին, քանի որ մտահոգություն ունի, որ բանաձևի ընդունումը «կարող է սասանել տարածաշրջանում Թուրքիայի և այլ դաշնակիցների հետ շարունակվող զգայուն բանակցությունները»:

«Իրական, ավելի մեծ պատկերը, սակայն, հետևյալն է՝ Թրամփի վարչակազմը ճնշում է Թուրքիային՝ հրաժարվել ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերից, և մինչ նրանք բանակցում են, փորձում են թույլ չտալ, որ Կոնգրեսը բարձրաձայնի մարդու իրավունքների ոլորտում Թուրքիայի գործած գազանությունների մասին», - եզրափակում է ամերիկյան պարբերականը:

Ավելի վաղ՝ անցած ամիս, Սենատի ստորին պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ի տարբերություն Ներկայացուցիչների տան, որտեղ ցանկացած փաստաթուղթ քվեարկության է դրվում նախագահողի կողմից, վերին պալատում 100 սենատորներից յուրաքանչյուրը կարող է կասեցնել հարցը քվեարկության դնելու ցանկացած նախաձեռնություն: