Համացանցում հրապարակված աղմկահարույց տեսանյութի առթիվ ՀՔԾ-ն քրգործ է հարուցել

Անցած շաբաթ համացանցում հրապարակված աղմկահարույց տեսանյութի առթիվ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի «բռնությամբ զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու» հոդվածով։

ՀՔԾ-ից հայտնում են՝ գործով դեռ կասկածյալներ կամ մեղադրյալներ չկան: Սակայն տեսանյութի հրապարակումից մեկ օր անց արդեն ոստիկանությունից հայտնեցին՝ ծառայողական քննության շրջանակում ժամանակավորապես դադարեցվել են ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները։

Իրավապաշտպանները պնդում են՝ քրեական գործը պետք է խոշտանգման հոդվածով հարուցվեր, քանի որ տեսանյութից պարզ է՝ քաղաքացուն խոշտանգում են ամենադաժան ձևերով։ Եթե պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքում 2-6 տարի պատժաչափ է սահմանվում, ապա խոշտանգման հոդվածով պատժաչափը 3-7 տարի է:

«Այդտեղից արդեն մենք տեսնում ենք, որ խնդիրը սկսում է, արդեն հասկանալի է, թե իրենք ինչպես են մտածում, իրենք չեն մտածում, որ սա խոշտանգում է, սա մարդու իրավունքի կոպիտ ոտնահարում է», - ասաց իրավապաշտպան Ռոբերտ Ռևազյանը:

NewsMedia անվամբ յութուբյան ալիքում հրապարակված «Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» տեսանյութից երևում է՝ չորս անձ ապտակում, հայհոյում, ապա գետնին են գցում տուժողին ու կապում նրա ոտքերը, որից հետո մահակով ոտնաթաթերին են հարվածում՝ չնայած խնդրանքներին։ Այդ ընթացքում էլ բռնություն իրականացնողները հակագազ են հագցնում տեսանյութում երևացող անձնավորությանը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասում է՝ տեսանյութում երևացող ծեծի մեթոդը տարածված է համակարգում, քանի որ բռնությունից հետո գրեթե հետքեր չեն մնում։

«Եթե տեսնեք ոնց են ծեծում՝ կրունկների տակ հարվածելով, դա «ամենալավագույն»՝ վատ իմաստով «լավագույն» տարբերակն է, որովհետև մարդը սարսափելի ցավ է ապրում, և էդ հետքերը գրեթե չեն պահպանվում, ու հնարավոր չի լինում ապացուցել», - նշեց Կարապետյանցը:

Նինա Կարապետյանցը համոզված է՝ քրեական գործ հարուցվելուց հետո ոչ մի էական զարգացում չի լինելու, իրենց փորձն է ցույց տալիս։ «Խոշտանգման առիթով լավագույն տարբերակով նյութեր են նախապատրաստվել, մաքսիմում քրեական գործ է հարուցվել, որը հետագայում կարճվել է», - ասաց իրավապաշտպանը:

Մարդու իրավունքների գրասենյակն էլ տեսանյութի տարածումից հետո նույն մտահոգությունն էր հայտնել՝ 2015 թվականից սկսած՝ օրենքի ընդունումից հետո խոշտանգման հանցակազմով դեռ ոչ մի պաշտոնյա չի դատապարտվել։ Պատճառն, ըստ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի, իրավապահ համակարգի մեջ է. ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ ներսում կատարվող հանցագործությունները թաքցվում են։

«Դե ասում է՝ «ի՞նչ եք բանի հետևից ընկել, Աստված կպատժի», այսինքն՝ իրենց ամբողջ հույսը Աստվածն էր, ոչ թե օրենքն ու իրավունքը, և երկրորդը, ասում էր՝ «հո դուք գործ տվող չեք», ասում էր՝ «լավ, ես որտեղի՞ց գործ տվող-բան գտնեմ, ՔԿՀ-ի աշխատող գտնեմ կամ ոստիկանության աշխատող գտնեմ, որ ձեր բերած ապացույցները հիմնավորի, իրանց մեջ գործ տվողներ չկան, իրանք սաղ պագոն կրող են»: Եթե ՀՔԾ-ի քննիչն է այդպիսի «արժեքների» կրող, էլ մենք ումի՞ց ի՞նչ ենք պահանջում», - նշեց Կարապետյանցը:

Խոշտանգումների դեմ Համաշխարհային կազմակերպության ավագ խորհրդատու Մուշեղ Եկմալյանը նկատում է՝ հակառակ այդ վիճակագրության Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի վճիռներ է կայացրել։

«Բոլոր քննությունները գնում են պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածներով: Եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի ունի 12 որոշում խոշտանգման դեպքերով, այսինքն՝ մենք ունենք 0, Եվրոպական դատարանն ունի 12 անգամ հաստատված խոշտանգման դատավճիռներ ընդդեմ Հայաստանի և բավականի երկար, ինչպես պարոն Ռևազյանն ասեց, նաև ցուցակ կա նաև կոմունիկացված գործերի, որոնք ընթացքի մեջ են», - ընդգծեց Եկմալյանը

NewsMedia անվամբ յութուբյան ալիքում ավելի ուշ էլ աղմկահարույց տեսանյութին առնչվող հարցազարույց է հրապարակվել։ Դրանում ոստիկանության նախկին աշխատակից «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը պնդում է, թե տեսանյութն ինքն է տրամադրել, ու այն տեսագրվել է նախկին իշխանությունների ժամանակ:

«Տեսանյութին եղել է ծանոթացված անձամբ այն ժամանակվա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ես հույս ունեի, որ ինքը դա տեսնելուց հետո պետք է ձեռնարկի ինչ-որ համապատասխան միջոցառումներ, բայց դուրս եկավ լրիվ հակառակը՝ քարկոծման առարկա դարձա ես, ինձ մեղադրեցին, որ ես աշխատում եմ համակարգի դեմ», - ասաց Ղուկասյանը:

Ժամանակին Ղուկասյանը համարվում էր Վլադիմիր Գասպարյանի մերձավորներից մեկը: Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» հայտնեցին, որ նրա հարցազրույցը կցվել է քրեական գործին։