Անցած շաբաթ համացանցում հրապարակված աղմկահարույց տեսանյութի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասով` «պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով»: Այդ մասին «Ազատությանը» փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից:
Խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութի կապակցությամբ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել Հայաստանի ոստիկանության բաժանմունքներից մեկում:
Տեսանյութի հետ կապված՝ Ոստիկանությունում ստուգումներ են իրականացվում, Հատուկ քննչական ծառայությունում նյութեր էին նախապատրաստվում:
Շաբաթ օրը Ոստիկանությունը հաղորդեց, որ տեսանյութում երևացող ոստիկաններից մեկի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: