Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովը»

Լևոն Սարգսյան, լուսանկարը՝ Հայաստանի ոստիկանության

Մոսկվայի մարզում հայտնաբերվել և ձերբակալվել է որպես «Ալրաղացի Լյով» հայտնի Լևոն Սարգսյանը, հաղորդում է Հայաստանի ոստիկանությունը:

«ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, Երևանի բնակիչ, 1968 թվականին ծնված Լևոն Հրաչյայի Սարգսյանը: Ներկայումս լուծվում է նրա արտահանձնման հարցը», - ասված է Ոստիկանության հաղորդագրությունում:

Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերը վերաբերում են «ավազակությանը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, կազմակերպված խմբի կողմից», 223-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «հանցավոր համագործակցությանը մասնակցելուն»:

Լևոն Սարգսյանը մեղադրվում է դեռ 11 տարի առաջ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Խոսքը 2008 թվականին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման մասին է, որի իրական պատվիրատուն, Հայաստանի Ազգային անվտանգության կոմիտեի պնդմամբ, Լևոն Սարգսյանն էր: