Միացյալ Նահանգներում շարունակվում են Թրամփի իմփիչմենթի շուրջ լսումները

ԱՄՆ - Դեսպան Գորդոն Սոնդլանդը կոնգրեսական լսումների ժամանակ, Վաշինգտոն, 20-ը նոյեմբերի, 2019թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիի` Ուկրաինայի իշխանությունների հետ շփումների ընթացքում առկա էր Կիևից ծառայության դիմաց ծառայություն ստանալու մտադրությունը: Նախօրեին նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության հիմքերի ուսումնասիրությանը նվիրված կոնգրեսական լսումների ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ Եվրամիությունում Միացյալ Նահանգների դեսպան Գորդոն Սոնդլանդը:

«Պարոն Ջուլիանիի գործողություններն այսպես կոչված «ծառայություն էին ծառայության դիմաց», որի [իրականացման դեպքում] միայն հնարավոր կլիներ կազմակերպել Ուկրաինայի նախագահ Զելենսկու այցը Սպիտակ տուն: Պարոն Ջուլիանին պահանջեց, որպեսզի Ուկրաինայի իշխանությունները հանդես գան հրապարակային հայտարարությամբ՝ ազդարարելով 2016 թվականի ընտրություններին Ուկրաինայի հնարավոր միջամտության և «Բուրիսմա» ընկերության շուրջ զարգացումների հետաքննության մեկնարկը: Պարոն Ջուլիանին արտահայտում էր Միացյալ Նահանգների նախագահի ցանկությունները, և մենք տեղյակ էինք, որ այս հետաքննությունները կարևոր էին նախագահի համար», - նշում էր Սոնդլանդը:

Հիշեցնենք, որ Ջուլիանիի երկու պահանջներից առանցքայինը թերևս ուկրաինական «Բուրիսմա» ընկերության գործողությունների հետաքննությունն էր: ԱՄՆ նախկին փոխնախագահ և 2020 թվականի ընտրություններում Թրամփի ամենահավանական մրցակից Ջոզեֆ Բայդենի որդին` Հանթերը մի քանի տարի շարունակ «Բուրիսմա»-ի տնօրենների խորհրդի անդամ էր:

Թրամփի թիմակիցների համոզմամբ՝ Բայդենի և նրա որդու համագործակցությունը ուկրաինական իշխանությունների հետ հիմնված էր կոռուպցիոն սխեմաների վրա: Դեմոկրատները, սակայն, վստահ են` Դոնալդ Թրամփի նպատակը ուկրաինացիների ձեռքով Բայդենի դիրքերի թուլացումն էր: Վաշինգտոնի քաղաքական շրջանակներում, ի դեպ, շատերն են վստահ, որ այդ մարտավարությանը հեղինակը կրկին Ռուդի Ջուլիանին էր:

«Էներգետիկայի նախարար Փերին, դեսպան Քուրթ Վոլքերը և ես Ջուլիանիի հետ ուկրաինական հարցերի շուրջ համագործակցում էինք նախագահ Թրամփ ուղղակի ցուցումով: Մենք նրա հետ աշխատելու ցանկություն չունեինք, սակայն բոլորս էլ հասկանում էինք, որ հրաժարվելով աշխատել Ջուլիանիի հետ՝ մենք կորցնում ենք Միացյալ Նահանգների և Ուկրաինայի հարաբերությունների ամրապնդման կարևոր մի հնարավորություն: Ուստի մենք հետևում էինք նախագահի հրահանգներին», - նշում էր Սոնդլանդը:

ԵՄ-ում Միացյալ Նահանգների դեսպանը, ի դեպ, նշում է, որ Ուկրաինայի հետ հարաբերություններում առկա անորոշությունն իրեն ստիպել է այս հարցով անձամբ դիմել նախագահ Թրամփին․ - «Նա այնքան էլ լավ տրամադրություն չուներ: Երբ ես նրան հարցրեցի` «ո՞րն է Ուկրաինայից Ձեր ուզածը», նա պատասխանեց` «ես ոչինչ չեմ ուզում, ոչինչ չեմ ուզում, որևէ ծառայություն ծառայության դիմաց ես չեմ ակնկալում»:

Սոնդլանդի այս հայտարարությունից քիչ անց նախագահ Թրամփը Սպիտակ տան մոտ հավաքված լրագրողների հետ շփվելով բառացիորեն նույն խոսքերը կրկնեց: Սա այն եզակի դեպքերից էր, երբ Թրամփը թղթից էր ընթերցում իր ելույթը:

«Ես ոչինչ չեմ ուզում, ես ոչինչ չեմ ուզում, ոչ մի ծառայություն ծառայության դիմաց», - նշում էր Թրամփը:

Միացյալ Նահանգների նախագահի իմփիչմենթի գործընթացը նախաձեռնած դեմոկրատների համոզմամբ՝ Սոնդլանդի երեկ հնչեցրած ցուցմունքները կարող են շրջադարձային լինել:

«Ես կարծում եմ, որ այսօրվա ցուցմունքները մինչ օրս ձեռք բերված ամենանշանակալի ապացույցներն են», - հայտարարում էր Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ դեմոկրատ Ադամ Շիֆը: