Տոնոյանը և Կասպշիկը կարևորում են շփման գծում ու սահմանին վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրումը

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկ, արխիվ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը, Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակն են քննարկել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են նաև հակամարտության կարգավորման գործընթացում հումանիտար բնույթ կրող գործողությունները, ընդգծել այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ջանքերի համադրման անհրաժեշտությունը:

Տոնոյանն ու Կասպշիկը հերթական անգամ արձանագրել են շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրման կարևորությունը: