Մատչելիության հղումներ

Տոնոյանը և Կասպշիկը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, ղարաբաղյան շփման գծում


Հայ-ադրբեջանական պետական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակն են քննարկել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը երեկ երեկոյան կայացած հանդիպման ժամանակ:

Նախարարը դեսպանին իր մտահոգություններն է հայտնել վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ, ինչի արդյունքում վիրավորվել է հայ զինծառայող:

Կասպշիկը ներկայացրել է բանակցային գործընթացում առաջիկա օրակարգային խնդիրները, ասված է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրությունում:

Շաբաթասկզբին Տավուշի մարզում վիրավորվել է 32-ամյա պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանը: Զինծառայողը ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ, որտեղ վիրահատվել է:

Արցախի պաշտպանության նախարարությունն էլ այսօր հաղորդել է, որ վերջին շրջանում շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG