Առաջին ընթերցմամբ արդեն ընդունված օրենսդրական փաթեթը, որը քրեականացնում է գողական աշխարհին պատկանելը, վերջնական ընդունվելու ու կիրառվելու դեպքում կարող է նպաստել նաև բանակում կարգուկանոն սահմանելուն, կարծում են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։
Քրիստինե Պողոսյանը հիշեցնում է՝ Զինված ուժերում տարիների կտրվածքով ավելի շատ զոհեր են լինում խաղաղ պայմաններում, քան՝ սահմանին։
«Ինչ ողբերգական հետևություններ է թողնում դա բանակում, բոլորս տեսնում ենք: Որպեսզի պատկերացնեք ողբերգության ամբողջ խորությունը, մի փոքր ջանք գործադրեք, օրինակ, կամ հետաքրքրվեք, տեսեք ամեն դեպքի որտեղից ծագելը և ուր հասնելը՝ սպանությունների և ինքնասպանությունների, միջանձնային հարաբերությունների հետ կապված: Ինձ հետաքրքիր է մեր երեխաների ապագան: Մենք հիմա սա անում ենք, որպեսզի մեր երեխաներին զերծ պահենք այդ ամենից», - շեշտեց խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը:
Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վարած վիճակագրության՝ 2010 թվականից մինչև այս տարվա նոյեմբերի կեսը Հայաստանում և Արցախում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել է 249 զինծառայող, այլ պատճառներով կյանքից հեռացել է 381 զինծառայող։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ ոչ մարտական մահացությունների պատճառները թեև շատ տարբեր են լինում, բայց թերևս ամենատարածված պատճառը ոչ-կանոնադրական հարաբերություններն են։
«Սպանություն թե ինքնասպանություն որակումները, դրանք պայմանավորված են լինում հենց հիերարխիկ հարաբերություններով, որոնք ոչ թե սահմանված են օրենքով, ասենք՝ ըստ ենթակայության, այլ հենց քրեական հակամշակույթով՝ պայմանավորված, երբ որևէ զինծառայող կարողանում է իր դիրքը պարտադրի կամ ենթարկեցնի մնացածին՝ ընդհուպ մինչև նույնիսկ սպաներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաքունցը:
Քրեական մտածելակերպի, գողական բարքերի կիրառումը տխուր, անգամ ողբերգական հետևանքներ է ունենում Զինված ուժերի վրա, նկատում է իրավապաշտպանը, ում ղեկավարած կազմակերպությունն արդեն տարիներ շարունակ զբաղվում է բանակի խնդիրներով։
Սաքունցի կարծիքով՝ գողական աշխարհին հատուկ որոշ գործողությունները քրեականացնելը մի քայլ առաջ է մեծ պայքարում, սակայն բավարար չէ․ - «Երկար ժամանակ քանի որ եղել է անպատժելիության մթնոլորտ, երկար ժամանակ քանի որ քրեական հակամշակույթը սերտաճած է եղել քաղաքական իշխանության հետ, և քաղաքական իշխանությունը կիրառել է այդ քրեական աշխարհի գործիքները իր իշխանության ամրապնդման համար, սովորույթները դեռևս մնում են չհաղթահարված»:
Իրավապաշտպանը կարևորում է նաև կրթության դերակատարումն այս հարցում, իսկ բանակում գողական բարքերը վերացնելու առումով՝ հատկապես սպաների կրթությանը խիստ հետևելը։
«Քրեական հակամշակույթի դեմ պայքարը հաջողություն կարող է ունենալ մտածելակերպի փոփոխության արդյունքում, որին կարելի է հասնել կրթության միջոցով», - ընդգծեց Արթուր Սաքունցը: