Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին սպառնալու մասին տեղեկություններն ուղարկվել են ոստիկանություն։ Այս մասին հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Որպես օրենքի նախագծի հարակից զեկուցող հանդես գալու հետ կապված ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկություններ պարունակող ԶԼՄ հրապարակումները Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Ոստիկանություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ», - գրել է Աբրահամյանը:
Որպես հետգրություն նա նշել է, որ խոսքը վերաբերում է այն հրապարակումներին, որտեղ նման սպառնալիքների մասին հայտարարություններ են եղել պատգամավորի կողմից:
Հիշեցնենք, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից կոշտ արձագանքեց քրեական ենթամշակույթի քարոզչությանը և ակնարկեց, թե սպառնացել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը քրեականացնող նախագծի հարակից զեկուցողին: «որևէ մեկը չփորձի՝ նախկին կլինի, ներկա կլինի, որ ասենք հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել ա, հիմա մտածի, թե կարա թպրտա», - հայտարարել էր վարչապետը։
Ի դեպ, Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյումրիի նախկին քաղաքապետն այժմ արդեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն է, որը լրագրողներին ասել էր՝ «օրենքով գողերը» խելոք մարդիկ են, և ինքը դեմ է այդ նախագծին:
Վարչապետի այս հայտարարությունից հետո «Հայկական ժամանակ»-ը գրել էր, թե իրենց տեղեկություններով՝ հենց Վարդան Ղուկասյանն է սպառնալիքներ հնչեցրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, գյումրեցի Նազելի Բաղդասարյանի հասցեին, որը հարցի հարակից զեկուցողն է։
Ինքը Բաղդասարյանն «Ազատության» հետ զրույցում չի հերքել, որ իրեն սպառնացել են, բայց կոնկրետ անուններ չէր նշել: Վարդան Ղուկասյանն էլ ասել էր, որ չի սպառնացել որևէ մեկին։