Հայաստանի հավաքականը Հունաստանի հետ խաղում փորձելու է առավելագույնը քաղել

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները՝ մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ, մարզվում են Հունաստանի թիմի հետ խաղից առաջ, Երևան, 14-ը նոյեմբերի, 2019թ․

Աբրահամ Խաշմանյանը համաձայն է՝ սերնդափոխությունն անհրաժեշտ է, «բայց ի՞նչ ունենք մենք»:

Այսօր երեկոյան, ժամը 21-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում լեհ մրցավար Պավել Ռաչկովսկին կազդարարի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի Հայաստան-Հունաստան հանդիպման մեկնարկը: Հույների դեմ հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի նախավերջին խաղն է ընտրական մրցաշարում և առաջինը նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի համար։

Հայաստանն անցկացրած 8 խաղերում վաստակել է 10, իսկ Հունաստանը՝ 8 միավոր, երկու թիմերն էլ գործնականում կորցրել են Եվրո-2020-ի եզրափակիչ փուլում հայտնվելու շանսերը: Այդուհանդերձ, Հայաստանի ընտրանին դուրս կգա եզրափակիչ փուլ, եթե հաղթի հույներին, ապա դրսում՝ իտալացիներին, իսկ այս պահին 15 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Ֆինլանդիան պարտվի վերջին երկու խաղերում։

Խաշմանյանը նախախաղային ասուլիսի ընթացքում ընդգծեց՝ հույների հետ խաղում փորձելու են առավելագույնը քաղել, չնայած այն հանգամանքին, որ այսօր վնասվածքների ու որակազրկման պատճառով թիմին չեն օգնի մի շարք առանցքային ֆուտբոլիստներ:

«Սա ֆուտբոլ է, ամեն ինչ պատահում է ֆուտբոլում, մենք իրավունք չունենք կառչել այդ հարցից և մտածել բացասական», - հայտարարեց մարզիչը:

Հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով առաջիկա խաղերին չի մասնակցի, նրա բացակայության պայմաններում ավագի թևկապը կկրի եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ Նա էլ վստահեցրեց, որ չնայած կորուստներին՝ թիմի մարզավիճակը լավ է, ու մարտական են տրամադրված: Իսկ ինչ վերաբերում է մրցակցին, որին ամիսներ առաջ դրսում Հայաստանի ընտրանին հաղթեց, ապա «նկատել ենք, որ ավելի թիմային խաղ են խաղում, փորձում են ավելի շատ հակագրոհների վրա խաղալ և շատ լավ, արագ նոր ֆուտբոլիստներ ունեն», - նշեց Համբարձումյանը: «Պետք է փորձենք փակել իրենց ուժեղ կողմերը և օգտագործել մեր ուժեղ կողմերը, որ արդյունքի հասնենք», - հավելեց նա:

Մրցակցին անդրադարձավ նաև Աբրահամ Խաշմանյանը՝ ասելով․ - «Ամբողջ հիմնական կազմը փոխված է, կա մեկ այլ հիմնական կազմ: Ես ինքս դիտել եմ վերջին երկու խաղերը Հունաստանի հավաքականի՝ Իտալիայի և Բոսնիայի հետ խաղերը, ու կարող եմ ասել, որ շատ կազմակերպված ու արդյունավետ ֆուտբոլ են խաղում»:

Հարց հնչեց նաև սերնդափոխության անհրաժեշտության մասին: Խաշմանյանը համաձայն է՝ սերնդափոխությունն անհրաժեշտ է, «բայց ի՞նչ ունենք մենք, եկեք սենց վերցնենք, ինչո՞վ պետք է մենք սերնդափոխություն անենք, ուղղակի խոսքերո՞վ»: «Ունենք մեկ հատ էսօր Էրիկ Վարդանյան, որը հրավիրվել է ազգային հավաքական, բայց Էրիկ Վարդանյանը դեռ պետք է կայանա որպես հավաքականի ֆուտբոլիստ: Հավաքականը ինքը չի կարող լինել փորձադաշտ, սա ամենաբարձր կետն է, որը որ կա: Տարիներ շարունակ խոսացվել է դրա մասին, տարիներ շարունակ, որ մենք պատրաստում ենք ֆուտբոլիստներ ազգային հավաքականի համար, մեզ ոչ մի բան պետք չի: Հիմա հարց է ծագում՝ ո՞ւր են էդ ֆուտբոլիստները, ցույց տվեք», - շեշտեց մարզիչը:

Հունաստանի հավաքական գլխավոր մարզիչ Ջոն Վանթ Սխիպն էլ Հայաստանի ընտրանուն է անդրադարձել: «Պետք է սպասենք: Գիտենք, որ Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի, գուցե նա նոր խաղաոճ փորձարկի, բայց մենք պետք է կենտրոնանանք միայն մե՛ր խաղի, մե՛ր աշխատանքի վրա: Պետք է հարգենք մրցակցին, նրանք ցույց տվեցին, որ ունեն վտանգավոր խաղացողներ: Հետաքրքիր խաղ է սպասվում: Կփորձենք նաև արդյունք ապահովել», - հայտարարել է նա: