Ապօրինի որդեգրված երեխաների օրգանների վաճառքի մասին «այս պահին խոսք չկա»

Արտապատկերում ԱԱԾ մամուլի կենտրոնի հրապարակած տեսանյութից

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր։

Ըստ ծառայության տարածած հաղորդագրության, երկու հայաստանցիներ օգտագործել են իրենց կապերը հանրապետական ծննդատներից մեկում, մի շարք գերատեսչություններում ու նաև մանկատներում, հայաստանյան օրենքների կոպիտ խախտմամբ կազմակերպել են ավելի քան 30 փոքրիկների որդեգրումներ Իտալիայի քաղաքացիների կողմից։

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Օտարերկրյա որդեգրումների գործընթացում ներգրավված գերատեսչություններից՝ Աշխատանքի ու սոցիալական հարցերի, Արդարադատության նախարարությունները հատկապես Իտալիայի քաղաքացիների կողմից որդեգրված 30 երեխաների իրավիճակի վերաբերյալ լրացուցիչ որևէ տեղեկություն չեն տրամադրում։ Օտարերկրյա որդեգրումների վերաբերյալ հնչող մեղմ ասած՝ մտահոգություններին անդրադարձավ միայն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը. - «Օրգանների վաճառքի մասին այս պահին խոսք չկա, եթե հավելյալ ինչ-որ բան լինի, կխոսվի դրա մասին»,- ասաց նա։

ԱԱԾ բացահայտումներին արձագանքել է նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ. «Օրինականության հաստատումը պետք է լինի բոլոր ոլորտներում, և կառավարության ջանքերը այս ուղղությամբ անբեկանելի են՝ հատկապես նման նուրբ և երեխաների իրավունքներին վերաբերող ոլորտում, որտեղ առավել ուշադիր պետք է լինենք երեխայի լավագույն շահը պաշտպանելու համար։ Ցանկացած բուժհիմնարկ կամ բուժաշխատող, ով ներգրավված է եղել կամ այսուհետ կլինի նման ապօրինի սխեմաների մեջ, պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ ուժով», - գրել է նախարարը։

Օտարերկրյա որդեգրումների թեմային «Ազատությունն» անդրադարձել էր շաբաթներ առաջ, այդ ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որդեգրումները դադարեցրել էր՝ գործընթացի նկատմամբ կասկածների պատճառով։ Նախարար Բաթոյանը գրել էր, որ հստակ ու առանց կասկածի հնարավոր չէ ասել, թե քանի երեխա է որդեգրվել օտարերկրացիների կողմից, պետական համակարգի ներկայացրած թվերն իրարից տարբերվում են տասնյակներով։ Նախարարությունը հանձնաժողով էր ստեղծել թվերն ու դրանց միջոցով խնդիրները պարզելու համար։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի օգնական Մուշեղ Հովսեփյանը հիշեցնում է, որ Զարուհի Բաթոյանն այս հարցին անդրադարձել է նշանակման առաջին օրվանից՝ հաշվի առնելով Հայաստանում մշտապես պտտվող այն լուրերը, որ կապված են որդեգրման գործընթացի հետ:

Մուշեղ Հովսեփյանը շաբաթներ առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում շեշտում էր՝ ունեն կասկածներ, որ երեխաները արտասահման որդեգրվելուց առաջ հայաստանցի որդեգրել ցանկացողներին չեն ներկայացվում, այնինչ նման իրավական պահանջ կա․ փոքրիկի համար դրսում ծնող փնտրելուց առաջ այստեղ պետք է սպառված լինեն բոլոր հնարավորությունները։

Օտարերկրյա որդեգրումների գործընթացում գլխավոր դերակատարներից է Արդարադատության նախարարությունը։ Քաղաքացիակական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը պնդում էր՝ դուրս որդեգրման են գնում այստեղ չընտրված երեխաները, ընդ որում, որդեգրման փաթեթին կցվում է նաև փոքրիկներին այցելած ու նրանց չընտրած հայաստանցիների ցանկը։ Գործակալության պետը շեշտում էր, որ օտարերկրյա որդեգրումների հետ կապված որևէ մութ անկյուն չկա: Նրանք սահմանը հատում են երկարատև փաստաթղթային գործընթացներից հետո, միայն կառավարության որոշմամբ, դատարանի վճռով։ Պահանջները շատ խիստ են նաև ընդունող երկրներում։

«Որպեսզի երեխային մուտքի թույլտվություն տան տվյալ օտարերկրյա պետություն, իրենք ստուգումներ են իրականացնում ամբողջական փաստաթղթերի: Բացի դրանից, նաև մեզ հետ անմիջական կապի մեջ են», - ասում է Մխիթարյանը։ Փոքրիկի՝ նոր հայրիկ-մայրիկի հետ ուղևորվելիս նրա հետ այդ երկրի հյուպատոսական հիմնարկ է մտնում որդեգրման փաթեթը: Ըստ գործակալության պետի, հսկողությունից դուրս մնացած երեխա արտերկրում չկա:

Նշենք, որ ըստ հաղորդագրության, փոքրիկները որդեգրվել են 2016-18 թթ., այդ երեք տարիներին արտասահմանյան որդեգրման է տրվել ընդհանուր 54 երեխա։ Ի դեպ, Հայաստանից փոքրիկների ավելի շատ որդեգրում են հենց Իտալիայից ու Միացյալ Նահանգներից: