Մատչելիության հղումներ

Այս տարի որդեգրվել է ընդամենը 11 երեխա


Նորքի մանկան տան բակում բրիտանացի ամուսիներն են, որ իրենց որդու հետ ամեն օր գալիս են մի քանի ժամ անցկացնելու ծնվելուց անմիջապես հետո մանկատանը հայտնված աղջնակի հետ։ Հույս ունեն շուտով՝ կառավարության որոշումից ու դատական վճռից հետո փոքրիկ Անին իրենցը կդառնա ու բոլորով կմեկնեն Հայաստանից:

Մեկամյա աղջնակին ծնողները լքել են տեսնելուն պես․ առողջական խնդիր ունի:

«Ցավալի է, որ ծնողները նույնիսկ չէին ցանկացել երեխային անուն-ազգանուն տալ: Ծնողները ամուսնացած էին: Մենք հանեցինք ծննդյան վկայական: Խնդիրը մեծ է, որովհետև բացակայում է ոսկորը», - «Ազատության» հետ զրույցում ասում է Երևանի «Մանկան տան» տնօրեն Լիանա Կարապետյանը:

Նա այս հաստատությունում է 80-ականներից: Նրա խոսքով, որդեգրման ձախողված պատմություն հազվադեպ է եղել․ - «Ո՛չ տեղացիներից, ո՛չ օտարերկրացիներից մենք բացասական արձագանք չունենք: Իմ աշխատանքի ամբողջ տարիների ընթացքում մեկ ծնող է եղել, որ երեխային վերադարձրել է Մանկան տուն»:

Օտարերկրացիների կողմից հայ երեխաների որդեգրման վերաբերյալ պարբերաբար լեգենդներ են պտտվում: Դրանցից մեկը՝ երեխաների օրգանների վաճառքի մասին, նույնիսկ կառավարության նիստի թեմա դարձավ ու տեղում հերքվեց:

Այժմ էլ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն է գրառումներից մեկում շեշտել, որ այսօր «հստակ ու առանց կասկածի հնարավոր չէ ասել, թե քանի երեխա է որդեգրվել օտարերկրացիների կողմից, պետական համակարգի ներկայացրած թվերը իրարից տարբերվում են տասնյակներով»:

Նախարարի օգնական Մուշեղ Հովսեփյանն ասում է, որ հանձնաժողով են ստեղծել՝ թվերը և դրանց միջոցով խնդիրները պարզելու համար․ - «Տիկին Բաթոյանը այս հարցին անդրադարձել է նշանակման առաջին օրվանից՝ հաշվի առնելով մշտապես Հայաստանում պտտվող այն լուրերը, որ կապված են որդեգրման գործընթացի հետ: Այս պահին որևէ հաստատված լուր չկա: Այդ լուրերը դեռ շարունակվում են: Միշտ եղել են, դրանք միշտ կլինեն»:

Նախարարի օգնականը ներկայացնում է հենց նախորդ տարվա օրինակը․ - ««Մանուկ» տեղեկատվական համակարգի տվյալներով, որդեգրվել է մոտ 40 երեխա: Արդարադատության նախարարությունը․․․ այս պահին մեզ 47 և 57 տվյալն է ներկայացվել»:

Հովսեփյանը հնարավոր է համարում, որ սա տեխնիկական խնդիր է և ոչ հանցագործության նշան: Բայց շեշտում է, որ ունեն կասկածներ: Նաև այն մասին, որ երեխան արտասահման որդեգրվելուց առաջ հայաստանցի որդեգրել ցանկացողներին չի ներկայացվել, այնինչ նման իրավական պահանջ կա․ փոքրիկի համար դրսում ծնող փնտրելուց առաջ այստեղ պետք է սպառված լինեն բոլոր հնարավորությունները․ - «Թվերը միջոց են՝ պարզելու գործընթացի բոլոր խնդիրները: Աշխատանքային խումբը այս պահին քննարկում է աշխատակարգի հարցը»:

Տարակուսած են Արդարադատության նախարարությունում․ Քաղաքացիակական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանն ասում է, թե արտերկյա որդեգրման են գնում այստեղ չընտրված երեխաները, ընդ որում՝ որդեգրման փաթեթին կցվում է նաև փոքրիկներին այցելած ու, տհաճ է հնչում, բայց չհավանած պոտենցիալ ծնողների ցանկը: Այս երեխաները, որպես կանոն, ունեն առողջական տարբեր խնդիրներ:

Հիմա փոքրիկ Անիի նրա ապագա ծնողները պատրաստվում են փոքրիկին Բրիտանիա տեղափոխելուն պես վիրահատել: Բժշկական այդ միջամտությունը, ի դեպ, Հայաստանում չի իրականացվում:

Գործակալության պետը շեշտում է, որ օտարերկրյա որդեգրումների հետ կապված որևէ մութ անկյուն չկա: Պահանջները շատ խիստ են նաև ընդունող երկրներում․ - «Որպեսզի երեխային մուտքի թույլտվություն տան տվյալ օտարերկրյա պետություն, իրենք ստուգումներ են իրականացնում ամբողջական փաստաթղթերի: Բացի դրանից, նաև մեր հետ անմիջական կապի մեջ են»:

Հայաստանից փոքրիկների ավելի շատ որդեգրում են Միացյալ Նահանգներից ու Իտալիայից: Գործակալության պետը ցույց է տալիս հաստափոր թղթապանակը, որում Նահանգներից ստացված զեկույցներն ու լուսանկարներն են հայաստանցի փոքրիկների առօրյայի վերաբերյալ:

Երեխան նոր հայրիկ-մայրիկի հետ ուղևորվելիս նրա հետ այդ երկրի հյուպատոսական հիմնարկ է մտնում որդեգրման փաթեթը: Ըստ գործակալության պետի, հսկողությունից դուրս մնացած երեխա արտերկրում չկա: Ինչ վերաբերում է թվերի տարբերությանը, Անի Մխիթարյանը շեշտում է, որ որդեգրումների հաշվառման գործը տարիներ շարունակ սոցապինն է եղել․ - «Ցանկացած որդեգրումից հետո, դա կլինի օտարերկրյա որդեգրում, դա կլինի ներպետական որդեգրում, ՔԿԱԳ տարածքային մարմինը, որպես վերջին ինստանցիա, որը որ տալիս է որդեգրման մասին պետական վկայականը, դրանից հետո եռօրյա ժամկետում երեխայի որդեգրման ակտը ամբողջ փաթեթով ուղարկում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Եվ դա եղել է միշտ՝ անկախությունից այս կողմ»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում համաձայն են․ այո, հաշվառում իրենք են անում, բայց նախարարության ներսում էլ երկու տարբեր բազաների թվերն են տարբեր՝ գրանցամատյանում այլ պատկեր է, «Մանուկ» տեղեկատվական էլեկտրոնային հարթակում՝ այլ:

Շուրջ 16 տարի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժինը ղեկավարած Լենա Հայրապետյանի պազաբանումը խնդրեցինք: Նա ասաց, որ թվերի տարբերություն հնարավոր է, քանի որ էլեկտրոնային հարթակն ավելի ուշ է ձևավորվել: Հայրապետյանը սակայն բացառում է, որ այդ անհամապատասխանության տակ ավելի լուրջ խնդիր լինի: Նրա խոսքով, արտերկիր որդեգրման տրված ու առողջական որևէ խնդիր չունեցող միայն մեկ երեխա է եղել՝ Արևիկը, որը հիմա ուրիշ անունով է մեծանում, Հայաստանից դուրս: Այդ փոքրիկի մասին Արդարադատության նախարարութունում էլ պատմեցին, Հայաստանում նրան չէին հավանել միայն այն պատճառով որ սևուկ ու մի քիչ մազոտ է եղել:

Սոցապ նախարարությունը որդեգրման գործընթացը վերսկսել է օրեր առաջ։ Ամիսներ շարունակ պրոցեսը կասեցված է եղել, քանի որ, ինչպես նախարարի օգնականը նշեց, ճշգրտումների ու կասկածների փարատման կարիք կա: Այդ ամենի համար ստեղծվել է հանձնաժողով, դրան էլ կից փաստահավաք խումբ կլինի:

Իսկ որդեգրման ենթակա երեխաների բազայում 280 փոքրիկ է սպասում: Այս տարվա 9 ամիսների ընթացքում որդեգրվել ու մանկատնից ընտանիք է մտել ընդամենը 11 երեխա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG