Մարիա Կարապետյանը մարդու իրավունքների հետ կապ չունի, պաշտպանում է մեկ համայնքի շահերը․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը («Իմ քայլը») «Ազատության» տաղավարում:

Սեռական փոքրամասնությունների թեմայով Ազգային ժողովի իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների միջև փոխհրաձգությունը չի դադարում:

Իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների վարքը խնդրահարույց է համարում, չի բացառում, որ բանը հասնի էթիկայի հանձնաժողովին:

Բայց մինչ այդ կփորձեն ընդդիմադիր գործընկերներին զսպել այլ մեթոդներով․ - «Խոսվել է արդեն էթիկայի հանձնաժողովի մասին, այլ գործիքների մասին, որոնք ժողովրդավար պետությունների համար ընդունելի կլինեն: Մնացած բոլոր միջոցները սպառենք, իմանանք, որ իսկապես հնարավոր չէր քաղաքական խոսքի միջոցով զսպել քաղաքական գործիչների նման մարդատյաց վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ»:

Խմբակցությունների միջև լեզվակռիվը բորբոքվեց այն բանից հետո, երբ ԲՀԿ-ականներն օրենսդրական նախագծերով առաջարկեցին արգելել միասեռականների ամուսնությունը, ինչպես նաև միասեռականների կողմից երեխայի որդեգրումը:

Իշխանական պատգամավորներն արձագանքեցին ոչ պակաս կոշտ՝ հիմնավորելով, որ գործող օրենսդրությամբ այդ հարցերը կարգավորվում են:

Նախագծերն Ազգային ժողովի օրակարգում չընդգրկվեցին:

«Քառօրյաների սկզբին տեղի ունեցող այս շոու ծրագրերը կատարվում են հենց Ծառուկյանի համար, նրա ուշադրությունը գրավելու համար», - պնդեց Մարիա Կարապետյանը:

Գագիկ Ծառուկյան

Այսօր էլ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ թեմային՝ վստահեցնելով, թե որևէ մեկին չեն վիրավորում, պարզապես իրենց դիրքորոշումն են հայտնում․ - «Այո, հալալ է, և Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ, որ նա լիարժեք, որպես հայ քրիստոնյա․․․ առաջին քրիստոնյա ազգն ենք՝ ընտանիք, սրբություն, եկեղեցի, Աստվածաշունչ: Մեր համար անընդունելի է, որ կարող ա համասեռամոլները երեխա որդեգրեն և այդ երեխային դաստիարակեն: Ո՞վ կարող է պատկերացնել, թե նրանց դաստիարակած երեխան ինչ կարող է լինել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար՝ սկսած Ծառուկյանից, դա անընդունելի ա: Ինչ ուզում ա թող ասեն, թող ասեն մենք հետամնաց ենք: Ձեր ցավը տանեմ, բերեք մեր հայկական, ժողովրդական օրենք ընդունենք»:

Ըստ Մարիա Կարապետյանի, ԲՀԿ-ականները բարձր ամբիոնից նսեմացնում են քաղաքացիների արժանապատվությունը, ապա դա ներկայացնում որպես ազատ խոսքի դրսևորում: Իշխանության ներկայացուցիչը հիշեցնում է, որ սեռական փոքրամասնությունների դեմ մոլեգին պայքարող պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ավելի վաղ առաջարկում էր քրեականցնել միասեռականության քարոզը: Բայց եթե հանկարծ նրա առաջարկին ընթացք տրվեր, ապա առաջին պատժվողը, ըստ Կարապետյանի, Գևորգ Պետրոսյանը կլիներ․ - «Որովհետև օր ու գիշեր ակրոստիքոսներ է ձոնում: Իսկ դա աբսուրդ է, որովհետև նախ և առաջ մենք պետք է հասկանանք․ առհասարակ հնարավո՞ր է միասեռականություն քարոզել»:

Մարիա Կարապետյանը տարակուսած է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բացահայտ խտրական դրսևերում է ցուցաբերում այն խմբակցությունը, որին վստահվել է մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը: Այս հանձնաժողովը ղեկավարում է Նաիրա Զոհրաբյանը:

«Մեր հանձնաժողովի նախագահը մարդու իրավունքների վրա պարբերաբար սրբում է իր ոտքերը», - հայտարարեց Մարիա Կարապետյանը:

Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը իր իշխանական ընդդիմախոսներին հակադարձում է՝ պնդելով, թե նրանք ստանձնել են կոնկրետ խմբի պաշտպանությունը․ - «Այդ անձիք իրականում մարդու իրավունքների հետ որևէ կապ չունեն: Նրանք կոնկրետ, թիրախավորված պաշտպանում են մեկ համայնքի, սոցիալական մեկ խմբի շահերը»:

Մարիա Կարապետյանը նույնպես մարդու իրավուքների պաշտպանության հանձնաժողովի անդամ է: Հանձնաժողովի ղեկավար Զոհրաբյանը պատրաստվում է բարձրացնել նրա անդամակցության նպատակահարմարության հարցը․ - «Իրենց հետևողական հայտարարությունները ինձ ստիպում են դիմել իրենց խմբակցության ղեկավարին, որպեսզի վերջինս քննարկի խմբակցությունում, թե արդյոք անձիք, ում համար գերակա են միայն մեկ թիրախային խմբի իրավունքը և շահերը, իրավունք ունեն լինելու այն հանձնաժողովում, որտեղ բոլոր խմբերի, բոլոր թիրախային, խոցելի, ոչ խոցելի խմբերի իրավունքների և շահերի համար պիտի լինի համահավասար մոտեցում»:

Մինչ կողմերը սպառնում են միմյանց վարքը խորհրդարանում քննության առարկա դարձնել, հիշեցնեմ, որ էթիկայի հանձնաժողովը ժամանակավոր է, կարող է ձևավորվել որևէ քաղաքական ուժի նախաձեռնությամբ:

Մարիա Կարապետյանի խոսքով, եթե այս պահին իշխող մեծամասնությունը նման գործընթաց սկսի, դա կդիտվի քաղաքական ճնշում: Ըստ նրա, ճիշտ է, որ նման հարցերը քննարկվեն, երբ հանձնաժողովը մշտական դառնա, իսկ դա հնարավոր է «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելուց հետո: