Մատչելիության հղումներ

Նույնասեռականների ամուսնությունն արգելող օրինագիծը թեժ քննարկումներ հարուցեց Ազգային ժողովում


Սեռափոխված կամ նույնասեռական անձանց ամուսնության գրանցումն արգելող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների նախաձեռնած օրինագիծն այսօր Ազգային ժողովում թեժ քննարկումների առիթ դարձավ։

Նախագիծը ստացել է կառավարության, ապա նաև Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությունները։ Դա վրդովել է նախագծի համահեղինակ Գևորգ Պետրոսյանին, որը հայտնի է նույնասեռական անձանց նկատմամբ իր բացասական վերաբերմունքով։

«Նույնասեռականների և սեռափոխված անձանց ամուսնությունը, եկեք ոչ թե իրավական կարգավորումներով փորձենք հարցը լուծենք, այլ Ընտանեկան օրենսգրքում ուղղակի գրենք», - խորհրդարանի ամբիոնից առաջարկեց Պետրոսյանը:

Բացասական եզրակացություն էր ստացել նաև Ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին Պետրոսյանի նախաձեռնած մյուս նախագիծը, որն արգելում է երեխաների որդեգրումը նույնասեռականների կողմից։

ԲՀԿ-ական պատգամավորն այս առաջարկը ազգային անվտանգության նշանակության խնդիր որակեց ու հռետորական հարց հնչեցրեց․ - «Հիմա ով որ դեմ է քվեարկելու, կուզենա՞ իր ընտանիքում այդպիսի երևույթ տեսնել»:

Սա հարուցեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի զայրույթը․ - «Պարոն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում․․․ Էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա․․․»

Պետրոսյանն արձագանքեց․ - «Ո՞ւմ անունն եմ տվել, որ անձնավորված ա: Հենց ասելու բան ա՝ հարց եմ տալիս․․․»

«Ձեր ձևը արդեն չափ ու սահման չունի», - չէր հանգստանում Արարատ Միրզոյանը:

Պետրոսյանի նախագիծը չընդգրկվեց Ազգային ժողովի օրակարգում։ Նախագծի վերաբերյալ իրենց կարծիքը հայտնեցին պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր Տարոն Սիմոնյանը («Լուսավոր Հայաստան») և Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը («Իմ քայլը»):

Տարոն Սիմոնյան․ - «Իմ կարծիքով, օրենսդրությունը էլի որպես այդպիսին արգելք սահմանում է: Բայց եթե պարոն Պետրոսյանը գտնում է, որ ինքը ավելի մանրամասն կարող է հիմնավորել, որ այդ արգելքը չկա, պետք է սահմանենք, թույլ տանք այդ հնարավորությունը»:

Ալեն Սիմոնյան․ - «Ախր այստեղ խնդիրը Ձեր բարձրացրած խնդիրը չէ: Այստեղ թե՛ նպատակը, թե՛ խնդիրը մեկ այլ բանի մեջ ա: Բոլոլա սարքելու մեջ ա»:

Իշխանական խմբակցության պատգամավորները նույնպես այն կարծիքին են, որ հայաստանյան օրենսդրությամբ արդեն իսկ կարգավորվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների բարձրացրած հարցերը։

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները նույնասեռականների հետ կապված հարցը բարձրաձայնում են քաղաքական նպատակներով․ - «Թուրքական և շատ վատ մշակույթ ունենալով ներսում, շատ ու շատ մարդիկ փորձում են «Իմ քայլի» այն մարդկանց, ովքեր Հայաստանում սովորել են, դուրսը սովորել են, վերադարձել են, որ Հայաստանին օգուտ տան, վերադարձել են, որպեսզի Հայաստանը հզորացնեն, իրենց կյանքը, իրենց ազատությունը դրել են հարվածի տակ, որպեսզի Հայաստանին ծառայեն, այդ մարդկանց սարքել․․․ չգիտեմ, սկսած սատանայապաշտից վերջացրած այլասերվածով»:

Հովհաննես Հովհանիսյանը («Իմ քայլը») հեգնեց․ - «Հայտնի անեկդոտը հիշեցի․ ասում ա՝ ո՞նց դարձար էդպիսին, ասում ա՝ դե քո նման էլի, տենց հարցուփորձ անելով դարձա: Հիմա էս ամբիոնում ամենաշատ էդ մասին ենք խոսում: Սրանից լավ քարո՞զ»:

Ալեն Սիմոնյան․ - «Մի փորձեք Հռոմի պապից կաթոլիկ լինել, որովհետև պատմությունը հետ կթերթենք ու ցույց կտանք, թե ով որտեղ ոնց ա քվեարկել, ինչ ա խոսել, և իրան ինչպես ա պահել»:

Իմքայլականներին արձագանքեց Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան»)․ - ««Բարգավաճ Հայաստանին» քաղաքական դասեր տալու իրավունք առնվազն այս դահլիճում որևէ մեկը չի վաստակել: Դա՝ մեկ: Երկրորդը, հանկարծ չմտածեք, թե մեր հիշողությունը ձեր հիշողությունից պակաս է»:

Միմյանց անցյալը հիշեցնելու ու նույնասեռականների ամուսնության մասին պատգամավորների բանավեճն ավարտվեց ընդմիջմամբ։ Հետո արդեն թեման փոխվեց:

Օրինագծերի համահեղինակ Գևորգ Պետրոսյանը մինչ այդ արդեն լքել էր դահլիճը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG