Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանին:
Նրանք սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին: Ինչպես «Ազատությանը» փոխանցեց հովվապետի մանկության ընկեր Հակոբ սարկավագ Պարսամյանը, ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:
Սարկավագն ասաց, որ հովվապետը ծնվել և մեծացել է Սիրիայում, Հայաստանում ձեռնադրվելուց հետո վերադարձել և ծառայությունը շարունակել է Սիրիայում։
Նա նաև պատմեց, որ քառորդ ժամ առաջ էլ մեծ պայթյուն է տեղի ունեցել Ղամիշլիում։ Assosiated press-ի հաղորդմամբ, ընդհանուր 3 պայթյուն է որոտացել, զոհերի թիվը ութն է, նրանց թվում հայեր չկան։
Սարկավագը շեշտեց, որ այս պայթյուններն ու սպանությունը միմյանց հետ կապ չունեն։
Սիրիայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանն էլ հայտնեց, որ Դեր Զորը բավականին հեռու է Ղամիշլիից և չի գտնվում Պուտինի ու Էրդողանի ձեռքբերած պայմանավորվածության արդյունքում ստեղծված անվտանգության գոտու տարածքում։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ Թուրքիան մեկ անգամ չէ, որ խախտել է այդ պայմանավորվածությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել էր, որ թուրքական զինուժը, Ազատ սիրիական բանակի հետ միասին Սիրիայի հյուսիսում սկսել են «Խաղաղության ակունք» գործողությունը PKK/YPG-ի և Իսլամական պետության ահաբեկիչների դեմ։
Այսօր Սիրիայի հյուսիսում մեկնարկել է ռուս-թուրքական համատեղ պարեկային հերթապահության հերթական` չորրորդ փուլը:
Թուրքիայի պաշտպանության նախարարության տեղեկության համաձայն` «հերթապահությունն իրականացվել է սիրիական սահմանամերձ Ալ-Դարբասիյա քաղաքի մերձակայքում` անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ»:
Ինչպես և համատեղ ծառայության նախորդ փուլում, այս անգամ ևս ռուս և թուրք զինվորականներին տեղափոխող շարասյուները քարկոծվել են տեղացի քրդերի կողմից: Իսկ երեկ Էրդողանն ու Պուտինը քննարկել էին Սիրիայում տիրող իրավիճակը։