Փայլանը շեշտում է՝ Թուրքիայի՛ խորհրդարանում պետք է խոսվի Հայոց ցեղասպանության մասին

Գարո Փայլանը Երևանում ասուլիսի ժամանակ, արխիվ

Եթե աշխարհում կա միակ խորհրդարան, ուր պետք է խոսվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ, դա Թուրքիայի Ազգային մեծ ժողովն է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:

Ելույթ ունենալով Ազգային մեծ ժողովում առաջիկա տարվա բյուջեի քննարկումների ժամանակ՝ Փայլանը, ով անդամակցում է Բյուջեի և ծրագրավորման հարցերով խորհրդարանական հանձնաժողովին, հատուկ հայտարարությամբ անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

Հայազգի պատգամավորի խորհրդականի փոխանցմամբ՝ Գարո Փայլանի հայտարարությունում ասված էր․ - «Նախքան 1915-ը, այս հողերի վրա, Սպարտայում, Մերսինում, Ադանայում, Տրապիզոնում, Տիգրանակերտում, Բուրսայում հայեր էին բնակվում, և յուրաքանչյուր հինգից մեկը հայ էր այս երկրում։ Իսկ հիմա մի մարզադաշտ իսկ չենք լցնի, եթե բոլորիս ի մի հավաքեք։ Անշուշտ չենք գոլորշիացել: Պատահել է մի մեծ աղետ, որը, դժբախտաբար, արդեն 104 տարի է մերժում ենք ուրացման քաղաքականությամբ. մերժում ենք խոսել այս մասին»։

«Տեսե՛ք, այլ խորհրդարաններ խոսում են այս մասին, և մենք ասում ենք, թե թող չխոսեն։ Մի նյութի վերաբերյալ, որը վերաբերում է այս տարածաշրջանին, թող խոսվի այս տարածաշրջանում: Եթե կա աշխարհում միակ խորհրդարան, ուր այս նյութի վերաբերյալ պիտի խոսվի, դա Թուրքիայի Ազգային մեծ ժողովն է։ Որովհետև մենք այս հողերի զավակներն ենք», - հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը:

Հիշեցնենք, Փայլանը ողջունել էր Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տան կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի ընդունումը՝ միաժամանակ ընդգծելով․ - «Միակ խորհրդարանը, որը կամոքի հայ ժողովրդի վերքերը, Թուրքիայի մեջլիսն է, որի անդամն եմ հանդիսանում»: