Քոչարյան. Շատ հրամանատարների դղյակների ամեն քարի մեջ մի զինվորի ճակատագիր կա

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, արխիվ

«Զինված ուժերում ինքնասպանություններ չպետք է լինեն», - «Ազատության» հետ զրույցում նշեց Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա ընդգծեց՝ բանակում արատավոր երևույթները պետք է բացառել և ոչ թե բարդել հասարակության վրա, ինչպես որ արվում էր նախկինում։

Անդրադառնալով Զինված ուժերում կոռուպցիոն երևույթներին՝ Քոչարյանը վստահեցնում է, որ նախկին իրավիճակն այսօր չկա՝ հաշվի առնելով քաղաքական ղեկավարության մակարդակով կոռուպցիայի դեմ պայքարը: Պաշտպանության հանձնաժողովի նախագահը միևնույն ժամանակ շեշտում է՝ Զինված ուժերի հրամանատարական կազմի շատ ներկայացուցիչներին պատկանող դղյակների ամեն քարի մեջ մի զինվորի ճակատագիր կա:

«Զինված ուժերն այն կանոնավոր կառույցն է, որի մեջ թերացումներ ընդհանրապես պետք է չլինեն, և Զինված ուժերում ինքնասպանություններ պետք է ընդհանրապես չլինեն։ Եվ այդ թերացումների մեջ երբ արդարացնում էին նաև ինքնասպանությունները, սպանությունները՝ գցելով հասարակության մեջ եղած թերությունների վրա, դա համարում եմ իրենց բուն հրամկազմի թերությունները՝ գցել անորոշության մեջ և չլուծել խնդիրները», - ասաց նա։

«Ազատություն»-ը նաև հետաքրքրվեց, թե ինչու ինքնասպանության կամ սպանության հարցն ի վերջո լուծում չի ստանում, և հիշեցրեց, որ վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերի հետ կապված նույն իրավիճակը կա, կոռուպցիոն սխեման չի բացառվում՝ որպեսզի ծնողների մոտ ևս կասկածներ չլինեն, նաև որոշ զոհված զինծառայողների դեպքում, որ տարբեր վնասվածքներով են բերվել, հոդվածը ներկայացվել է ինքնասպանության հասցնել։ Ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ եթե համեմատենք, ապա նկատելի է դառնում, որ նման երևույթներն էապես կրճատվել են և այն պատճառով, որ բանակի ներսում զինվորի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է։

Դիտարկմանը՝ դեպքեր դեռևս կան, հանձնաժողովի նախագահն արձագանքեց. «Կան դեպքեր, բայց դրանք անհամեմատելի քչացել են, բայց պետք է իսպառ վերացնել»։

Հարցին, թե կարո՞ղ է բացառել քննչական հատվածում կոռուպցիոն սխեմայի առկայությունը, Քոչարյանն արձագանքեց. «Ես կարող եմ վստահ ասել, որ քաղաքական ղեկավարության մոտ կա ձևավորված խնդիր, որը չի կարող շեղվել՝ դա կոռուպցիայի դեմ պայքարն է։ Եթե վերին մակարդակում կոռուպցիայի վերացումն առաջնահերթություն է համարվում, և ղեկավար կազմը չկա դրա մեջ, կոռուպցիան 70-80 տոկոսով կնահանջի։ Իսկ նախկինում բոլորն անթաքույց ասում էին՝ գնում ենք, պաշտոն ստանանք, որ փող աշխատենք։ Եթե նայեք բոլորի դղյակները, նաև Զինված ուժերի հրամկազմի շատ ներկայացուցիչների, դուք ամեն մի քարի մեջ մի զինվորի ճակատագիր կտեսնեք, և այնտեղ են մեր խնդիրները»։

Ըստ նրա, եթե բանակի միջից կոռուպցիան դուրս է գալիս, նման խնդիրները սկսում են նահանջել, իսկ այսօրվա իշխանությունները թաքցնելու հնարավորություն չեն տալիս որևէ մակարդակում։ «Եթե այդ շղթայի մեջ կա մեկ իրավասու պաշտոնյա, որը չկա այդ շղթայի մեջ, ուրեմն իմացեք՝ հանցագործությունը թաքցնել կամ կոծկել հնարավոր չէ։ Նախկինում ինչո՞ւ էր հնարավոր, որովհետև այդ շղթան ներքևում ձևավորվում էր և գնում էր մինչև քննիչ, և խեղճ քննիչը չգիտեր՝ ում սպասարկեր՝ պաշտոնյայի՞ն, ում որոշումից կախված էր իր պաշտոնավարումը, թե՞ պարզապես իր խղճի հետ մնար մեն-մենակ։ Այսօր այդ խնդիրը չկա»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նշենք, որ երեկ Ղարաբաղում կրկին զինվոր է զոհվել, ըստ պաշտոնական հաղորդագրության, նրան հայտնաբերել են կզակի շրջանում հրազենային վնասվածքով, 19-ամյա զինծառայողը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Ի դեպ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով, այս նոր դեպքը ներառյալ, 2019-ի ընթացքում Զինված ուժերում արձանագրվել է ինքնասպանության 9 դեպք, 2018 -ի նույն ժամանակահատվածում՝ 10 դեպք, 2017-ին՝ նույնչափ, այսինքն՝ ինքնասպանությունների դինամիկան վերջին տարիներին պահպանվում է: Ընդ որում, խաղաղ պայմաններում բանակում ինքնասպանությունները ավելի մեծ թիվ են կազմում, քան սպանությունները, այս տարվա ընթացքում եթե ինքնասպանության 9 դեպք է արձանագրվել, ապա սպանությունների թիվը 4-ն է:

Չնայած ինքնասպանությունների պահպանվող դինամիկային՝ բանակում, ըստ վարչապետի, մեծ քանակությամբ բարեփոխումներ են իրականացվում, ընդ որում բավական կարճ ժամանակահատվածում: Ինչպես նախօրեին նշել էր Նիկոլ Փաշինյանը, զինվորը տեսնում է նոր վերաբերմունք իր նկատմամբ, տեսնում է, որ պետությունը գնահատում է իր ծառայությունը: Վարչապետը մատնանշել էր սննդի որակի բարձրացումը, մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու գործընթացը, դիրքերի բարելավումը և այլն:

Այդ ամենի արդյունքում, վարչապետի ներկայացմամբ, 2019-ի ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվել է կանխատեսվածից 15 տոկոսով ավելի քաղաքացի:

Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում է, թե վերջին մեկուկես տարում Զինված ուժերում կատարված բազմաթիվ բարեփոխումներն արձանագրել է ոչ միայն ի պաշտոնե, այլև որպես զինվորի հայր։

«Փոքր տղաս հիմա ծառայության մեջ է, և երբ իրենց սննդի ռացիոնը նայում եմ, գուցե ինչ-որ բաներ կալորիաների և տեսականու առումով ավելի շատ են, քան պետք է նախատեսված լիներ, բայց այնուամենայնիվ այդ փոփոխությունը նկատած պետք է լինեն բոլոր ծնողներն այն զորամասերում, որտեղ արդեն առկա են բարեփոխումները։ 40 զորամաս արդեն անցում է կատարել»,- նկատեց նա։

Վերջինս հիշեցրեց նաև, որ նման զորամասերի թիվն ամեն ամիս ավելանում է, իսկ նախկինում, մատնանշեց, ծնողներին էին գումարներ, «տուլիկներ» ուղարկում իրենց զինծառայող երեխաներին, և այսօր այդ դժգոհությունները չկան։