Երեկ ժամը 19:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի 19-ամյա զինծառայող Էրիկ Արարատի Հարությունյանը, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին, ասված է հաղորդագրությունում:
Քննչական կոմիտեն, իր հերթին, հայտնում է, որ զինծառայողի մահվան փաստով երկրորդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի («Ինքնասպանության հասցնելը») 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
«04.11.2019թ.՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Է. Հարությունյանը մահացել է», - փոխանցում է Քննչական կոմիտեն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում: