Իրանը շարունակում է չեղարկել 2015-ի պայմանագրի դրույթները

Իրան - Նախագահ Հասան Ռոհանին Ազադիի տեխնոլոգիական պարկում, Թեհրան, 5-ը նոյեմբերի, 2019թ.

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ առաջիկայում կիրագործվեն նոր քայլեր 2015 թվականի միջուկային պայմանագրից աստիճանաբար հրաժարվելու ուղղությամբ:

Ելույթ ունենալով Ազադիի տեխնոլոգիական պարկում, նա ասել է, որ Իրանը վաղը սկսելու է ուրան պարունակող գազով լիցքավորել 1044 նոր ցենտրիֆուգներ: Դա հակասում է 2015 թվականին Իրանի և վեց գերտերությունների ստորագրած պայմանագրին:

Ցենտրիֆուգներով անցնող այդ գազից զտվում են ուրան-235-ի ատոմները: Այդ տեխնոլոգիան կիրառվում է միջուկային ռումբ ստեղծելու նպատակով «ռազմական ուրանի» անհրաժեշտ պաշար կուտակելու համար:

Միացյալ Նահանգները 2018 թվականի մայիսին դուրս է եկել 2015-ի պայմանագրից, հայտարարելով, որ Թեհրանն այն օգտագործում է սոսկ ժամանակ ձգելու և ատոմային ռումբ ստեղծելու համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերականգնել և է՛լ ավելի է խստացրել Իրանի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցները:

Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակ է հետապնդում: