Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2019 թվականի Համացանցի ազատության զեկույցը: Freedom House-ի փորձագետների փոխանցմամբ` Հայաստանում ինտերնետն ազատ է:
Զեկույցում ազատ են համարվում 70-ից 100 միավոր վաստակած երկրները:
Հայաստանն ունի 76 միավոր, հարևան Վրաստանը մեկ միավորով հետ է մնում՝ 75, բայց ազատ է:
Մասամբ ազատ երկրներն ունեն 40-ից 69 միավոր, այդ բաժնում են 61 և 56 միավորներ վաստակած Ղրղըզստանը և Ուկրաինան:
Ոչ ազատներն ունեն 0-ից 39 միավոր: Հայաստանի մնացած երեք հարևանները ոչ ազատ են՝ Ադրբեջանն ունի 39 միավոր, Թուրքիան՝ 37, Իրանն` ընդամենը 15:
ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ դաշնակիցներ Բելառուսը, Ղազախստանն ու Ռուսաստանը նույնպես ազատ չեն և ունեն համապատասխանաբար 35, 32 և 31 միավոր:
Ըստ Freedom House-ի զեկույցի, աշխարհի կառավարությունները հետզհետե ավելի ակտիվ են կիրառում սոցիալական ցանցերը՝ ընտրությունների ընթացքում զեղծարարություններ անելու և քաղաքացիների հանդեպ հսկողությունը հզորացնելու նպատակով:
Դա նոր տեխնոլոգիան տանում է դեպի առցանց ավտորիտարիզմ: Արդյունքում ինտերնետի համաշխարհային ազատությունն 9 տարի շարունակ անկում է գրանցում:
Ըստ զեկույցի, կա արտաքին և ներքին խնդիր: Արտաքին ասպարեզում շարունակվում է օտար երկրների կողմից առցանց միջամտությունը, ներքին ասպարեզում էլ պոպուլիստներն ու նրանց առցանց ջատագովները սկսում են ներքաղաքական օրակարգ թելադրել:
Միջամտությունը ներքին ընտրական գործընթացին ուսումնասիրվել է 30 երկրներում և դրանցից 26-ում անցյալ տարի այն հաստատվել է:
Միջամտության առավել տարածված մեթոդն ապատեղեկատվությունն է: Որոշ երկրներում էլ ղեկավարները՝ իշխանությունը ցանկացած գնով պահելու համար, արգելափակել են կայքէջերը կամ ընդհանրապես անջատել են ինտերնետը:
Կառավարությունները մշտադիտարկման եղանակով հետևում են քաղաքացիների առցանց ակտիվությանը և այդպես փորձում են բացահայտել հնարավոր սպառնալիքները:
Ըստ Freedom House-ի, 65 երկրներից առնվազն 40-ում իշխանությունը կիրառել է սոցիալական ցանցերի գերարդիական մշտադիտարկում:
Համացանցի ազատության զեկույցն անդրադառնում է 65 երկրներին, որտեղ բնակվում է համացանցի օգտատերերի 87 տոկոսը: Զեկույցում ամփոփվում է 2018 թվականի հունիսից 2019-ի մայիս ընկած ժամանակահատվածը:
2018-ին Հայաստանը համացանցի առումով ազատ երկիր էր, 2017-ին՝ մասամբ ազատ: