Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Համացանցի ազատությունը 2018 թվականին» զեկույցը (Freedom on the Net 2018):
Առաջխաղացում արձանագրած 19 երկրներից Հայաստանն էապես բարելավել է դիրքը և «մասամբ ազատ»-ից տեղափոխվել է «ազատ» երկրների շարքը:
Freedom House-ի զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանի պարագայում բարելավումն ուղղակիորեն կապված է «թավշյա հեղափոխության» հետ:
Հայաստանի քաղաքացիները հեղափոխություն են կատարել՝ ակտիվորեն կիրառելով սոցիալական ցանցերի մեդիա հարթակները, հաղորդակցության հավելվածները և համացանցով իրադարձությունների ուղիղ հեռարձակումները (live stream):
Հայաստանը համացանցի ազատության առումով աշխարհում գրավել է 27-րդ տեղը: Տարածաշրջանից առջևում միայն Վրաստանն է, որը զբաղեցնում է 25-րդ տեղը: Ադրբեջանը համարվում է «մասամբ ազատ» և 60-րդ տեղում է:
«Ոչ ազատ» երկրների թվում 66-րդ տեղը զբաղեցնում է Թուրքիան, որին հաջորդում է 67-րդ տեղը գրաված ԵԱՏՄ, ԱՊՀ և ՀԱՊԿ կառույցների շոգեքարշ Ռուսաստանի Դաշնությունը:
Իրանը 85-րդն է: «Մասամբ ազատ» են Ղրղըզստանը և Ուկրաինան, «ոչ ազատ» են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբեկստանը:
Զեկույցի հեղինակներն ամփոփել են 2017 թվականի հունիսից 2018-ի մայիս ընկած ժամանակաշրջանը՝ վերլուծելով համացանցի վիճակը 65 երկրներում:
Freedom House-ը նշում է, որ այդ երկրներում ընդհանուր հաշվով բնակվում է համացանցի օգտատերերի 87 տոկոսը: Մինչդեռ, օգտատերերի 40 տոկոսը՝ 1 միլիարդ 400 միլիոն, բնակվում է Չինաստանում, Հնդկաստանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ ըստ զեկույցի, համապատասխանաբար, «ոչ ազատ», «մասամբ ազատ» և «ազատ» երկրներում:
Այս տարվա զեկույցում ընդգրկված 65 պետություններից 15-ն «ազատ» են, 30-ը՝ «մասամբ ազատ», և 20-ը՝ «ոչ ազատ»:
«Համացանցի ազատությունը 2018 թվականին» զեկույցում ասվում է, որ մեծ թվով երկրներում իշխանությունները խստացնում են հսկողությունը օգտատերերի անձնական տվյալների նկատմամբ:
Բացի այդ, իշխանությունները «կեղծ» (fake) տեղեկատվության դեմ պայքարի պատրվակով լռեցնում են այլախոհներին, ինչը խարխլում է հանրության վստահությունը ոչ միայն համացանցի, այլև ընդհանրապես դեմոկրատիայի նկատմամբ: