Թուրքիան պատասխան քայլերով է սպառնում ԱՄՆ-ին Հայոց ցեղասպանության բանաձևի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի խորհրդարանը կպատասխանի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և Անկարայի դեմ պատժամիջոցներ նախատեսող բանաձևերի ընդունմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ելույթ ունենալով «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության համագումարին:

«ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի քայլը որևէ օրինական ուժ չունի, այդ հարցով որոշում պետք է ընդունեն պատմաբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները», - մասնավորապես հայտարարել է Թուրքիայի առաջնորդը:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին քվեների 405 կողմ, 11 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը:

Պաշտոնական Երևանը ողջունում է բանաձևի ընդունումը, Անկարան՝ դատապարտում: