Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քննարկում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի նախագիծը:
Ելույթ են ունենում բանաձևի հեղինակ և աջակից կոնգրեսականները, այդ թվում՝ Էլիոթ Էնգելը, Ադամ Շիֆը, Սթինի Հոյերը, Աննա Էշուն և այլոք: Բանախոսները շեշտում են, որ Միացյալ Նահանգները պետք է ճանաչի օսմանյան Թուրքիայի կողմից մեկևկես միլիոն հայերի սիստեմատիկ բնաջնջումը որպես ցեղասպանություն:
«Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» վերնագրված փաստաթղթում ասված է, մասնավորապես, որ ԱՄՆ-ի քաղաքականությունն է Հայոց ցեղասպանության ոգեկոչումը՝ այն պաշտոնապես ճանաչելու և հիշատակելու միջոցով, Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման մեջ ամերիկյան կառավարությանը ներգրավելու մերժումը, Հայոց ցեղասպանության փաստերի վերաբերյալ կրթության և հանրային ըմբռնման խրախուսումը:
Հիշատակվում են Միացյալ Նահանգների կողմից պաշտոնապես Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստերը, մասնավորապես՝ նախագահ Ռոնալդ Ռեյգանի 1981 թվականի ապրիլի 22-ի հայտարարությունը և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ 1975 թվականի ապրիլի 8-ի և 1984-ի սեպտեմբերի 10-ի համատեղ բանաձևերը: