Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում չի նշել գազի այն գինը, որի շուրջ այսօր ընթանում են հայ-ռուսական բանակցությունները։ Նա շեշտել է, որ այս հարցով բանակցություններն ունեն դաշնակցային բնույթ, քանի որ բանակցում են դաշնակիցներ, Եվրասիական տնտեսության միության (ԵԱՏՄ) անդամ երկու երկրներ։
«Եկեք, ես չխոսեմ կոնկրետ թվերի մասին, կարևորը բովանդակությունն է, ոչ թե թվերը», - ասել է Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ հարցը կլուծվի։
Հարցազրույցում նա հստակ պատասխան չի տվել նաև հարցին, թե ինչ դիրքորոշում կունենա Հայաստանը, եթե Ադրբեջանը հայտարարի, որ ցանկանում է լինել դիտորդ ԵԱՏՄ-ում։
Դիտարկմանը, թե ԵԱՏՄ-ում կա դիտորդի ինստիտուտ, առաջին դիտորդ երկիրը Մոլդովան է, իսկ եթե Ադրբեջանն ասի, որ ևս կցանկանար դիտորդ դառնալ, ինչպիսի՞ն կինի Հայաստանի դիրքորոշումը, Փաշինյանն այսպես է արձագանքել. - «Թող ասի, հետո կտեսնենք»։ Հարցին, թե «այսինքն՝ հենց շեմից ոչ չե՞ք ասելու», ՀՀ վարչապետը պատասխանել է. «Երբ կասի, այն ժամանակ էլ կքննարկենք։ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները գաղտնիք չեն, այնպես որ այս պահի դրությամբ ես ընդհանրապես չեմ ուզում դա քննարկել»։
Ադրբեջանին Ռուսաստանի և Բելառուսի կողմից զենք վաճառելու հարցի մասին Փաշինյանն ասել է՝ սա ՀԱՊԿ-ի խնդիրն է։
Հայաստանում կենսաբանական լաբորատորիաների մասին հարցի մասին խոսելով՝ նա նկատել է, թե հայկական և ռուսական կողմերն այսօր աշխատում են հուշագրի շուրջ։ Փաշինյանը հավելել է, որ այդ լաբորատորիաները սպառնալիք չեն պարունակում Ռուսաստանի համար, քանի որ չունեն ռազմական նշանակություն։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ամերիկյան ֆինանսական օգնության շնորհիվ ստեղծված այդ լաբորատորիաներն ուղղված են Հայաստանի կենսաբանական անվտանգության ապահովմանը։
Լրագրողը փորձել է ճշտել, թե արդյոք ստորագրվելիք հուշագրի տեքստում նշված կլինի, որ ռուս լրագրողների համար այդ լաբորատորիաները միշտ հասանելի կլինեն։ Փաշինյանի արձագանքը. «Մենք դեռ աշխատում ենք հուշագրի տեքստի վրա, այդ փաստաթղթի հիմնական նպատակը բոլոր կողմերի շահերի պաշտպանությունն է, որպեսզի մեր գործընկերներից որևէ մեկի մոտ չլինի անհանգստություն այդ լաբորատորիաների վերաբերյալ»։
«Ազատության» հետ զրույցում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այս լաբորատորիաների մասին ասել էր. «Ռուսական և հայկական կողմերի միջև կա երկխոսություն կենսաբանական լաբորատորիաների գործունեության շուրջ»։ Նա նշել էր, որ կա երկխոսություն և ձգտում՝ հասնելու փոխըմբռնման, այդ թվում՝ կենսաբանական լաբորատորիաների աշխատանքների թափանցիկության, այդ լաբորատորիաներում օտարերկրյա զինվորականների ծառայել-չծառայելու հարցի շուրջ:
Այդ լաբորատորիաները գտնվում են Լոռիում, Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում ու Երևանում։
«Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի հյուսիսում՝ Ղամիշլի քաղաքում, հայերի անվտանգությունն ապահովելու և ապագայում ևս նրանց անվտանգությունը պահպանելու մասին պայմանավորվածության համար։
Անդրադարձ է կատարվել նաև Հարավկովկասյան երկաթուղուն։ Փաշինյանը չի կարծում, որ ռուսական ընկերությունը վաղաժամկետ կդադարեցնի իր գործունեությունը Հայաստանում, քանի որ դրա համար հիմքեր չի տեսնում, ինչի մասին գրել էր ռուսական մամուլը։ Հայաստանի վարչապետի ներկայացմամբ՝ առաջացած տարաձայնությունները տեխնիկական բնույթ ունեն, և դրանք մամուլն է քաղաքականացրել։
Սեպտեմբերի 20-ին RTVI-ն հայտնել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը պատրաստվում է լուծարել Հայաստանի իշխանությունների հետ կնքված պայմանագիրը, քանի որ վերջիններս արգելափակում են նրա դուստր` «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունը, որը կառավարում է հայկական երկաթուղին:
ORSIS ռուսական ընկերության կողմից Հայաստանին ռազմական արտադրանք առաքելու հայտի մերժումը Փաշինյանը հրաժարվել է մեկնաբանել, նշել է, որ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանը Հայաստանի թիվ 1 գործընկերն է, և այդ ծավալներում մեկ ընկերության ու մեկ գործարքի հետ կապված իրավիճակը արժանի չէ վարչապետի մեկնաբանությանը։
ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի մասին էլ նա ասել է, որ այդ կազմակերպությունների արդյունավետ գործունեությունը բխում է Հայաստանի շահերից, և այդ արդյունավետությունը բարձրացնելու համար հայկական կողմն ամեն ինչ անում է։
«Կոմերսանտ»-ի լրագրողը հիշատակել է նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը բրիտանական BBC-ի Hard talk հաղորդաշարի շրջանակներում՝ նշելով, որ խոսակցությունն այն մասին էր, թե որ ճանապարհն է ընտրում Հայաստանը՝ Եվրոպա՞ն՝ իր արժեքներով և սկզբունքներով, թե՞ Պուտինի ԵԱՏՄ-ն։ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը նման ընտրության առաջ կանգնած չէ, քանի որ ԵԱՏՄ անդամ է, ունի համաձայնագիր Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեմ չէ Հայաստանի համագործակցությանը Եվրամիության հետ, և ԵՄ-ն էլ դեմ չէ Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին։
Վրաստանում և Ուկրաինայում տիրող իրավիճակը ևս Փաշինյանը չի մեկնաբանել՝ շեշտելով, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունը չուներ աշխարհաքաղաքական ենթատեքստ։
Հարցազրույցից հայտնի է դարձել, որ եկող տարվա առաջին կեսին Փաշինյանը պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում, իսկ Պուտինը՝ երկրորդ կեսին Հայաստանում։