Հեմոդիալիզի գնումների գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Սանասարյանը դատարանում հայտարարեց՝ իր նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվում, նախաքննության ավարտից հետո էլ դրան մասնակից է դարձել նաև դատախազությունը:
Պաշտպանական կողմն առաջին նիստի ընթացքում միանգամից մի քանի միջնորդություն ներկայացրեց: Նախ առաջարկեցին, որ Սանասարյանի գործը քննվի առանձին, ըստ էության, որ դատավարությունը կարճ տևի, այնուհետև դատարանին միջնորդեցին վերականգնել Սանասարյանի լիազորությունները ՊՎԾ պետի պաշտոնում: Երկու միջնորդություններն էլ դատավոր Դավիթ Բալայանը մերժեց:
Ինչ վերաբերում է գործը կիսելուն, դատավորն ասաց՝ դատավարությունը շատ երկար է տևելու:
Նիստի ավարտին Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը ևս մեկ միջնորդություն ներկայացրեց՝ գործը կարճելու պահանջով: Նա պնդեց, որ քրեական այս գործը հարուցած Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտն իր կազմավորմամբ հակասում է Սահմանադրությամբ քննչական մարմինների վերաբերյալ հոդվածին:
«Բոլոր քննչական գործողությունները կատարվել են քրեադատավարական օրենքի էական խախտմամբ, ինչի հետևանքով սույն քրեական գործի վարույթը ենթակա է կասեցման», - ասաց նա:
Դատավորն այս միջնորդության հետ կապված կողմերին կլսի արդեն հաջորդ նիստին՝ նոյեմբերի 27-ին, ինչից հետո կգնա խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Սանասարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հույս հայտնեց, որ իրենց վերջին միջնորդության մասով դատարանը համապատասխան որոշում կկայացնի, և ԱԱԾ քննչական դեպարտամենտի սահմանադրականության հարցը կվիճարկվի Սահմանադրական դատարանում։
Անդրադառնալով իր հանդեպ մեղադրանքի էությանը՝ կասեցված լիազորություններով ՊՎԾ պետն ասաց, թե իրեն քաղաքական դաշտից հեռու պահելու քաղաքականություն է իրականացվում։
Ի դեպ, Սանասարյանն իր վերջին ասուլիսի ընթացքում նաև անուններ էր հնչեցրել: Ըստ նրա՝ գործն ուղղորդվել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից: