Բրյուսելն ընդառաջում է Լոնդոնին՝ երեք ամսով երկարաձգելով Բրեքզիթի վերջնաժամկետը

Միացյալ Թագավորություն - Բրեքզիթի կողմնակիցների բողոքի ակցիան խորհրդարանի շենքի դիմաց, Լոնդոն, 28-ը հոկտեմբերի, 2019թ.

Եվս մեկ հնարավորություն Մեծ Բրիտանիային. Եվրամիությունը այսօր որոշեց ընդառաջել Լոնդոնի խնդրանքին և երեք ամսով՝ մինչև հունվարի 31-ը երկարաձգել Բրեքզիթի համար տրված վերջնաժամկետը:

Որոշումը հրապարակվեց նախորդ անգամ սահմանված ժամկետից՝ հոկտեմբերի 31-ից ընդամենը մի քանի օր առաջ, երբ ակնհայտ էր, որ Լոնդոնը չի կարողանում հարթել ներքին տարաձայնությունները:

Հանդես գալով կառույցի անդամ 27 երկրների անունից՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարեց՝ Եվրամիությունը համաձայնել է «ճկուն վերջնաժամկետ» սահմանել: Բարձրաստիճան երկու դիվանագետներ անանանուն մնալու պայմանով Associated Press-ին ասել են՝ դա նշանակում է, որ Բրյուսելը պատրաստ է ապահարզանի համաձայնագիրը կնքել նաև մինչև հունվարի 31-ը, եթե, իհարկե, բրիտանացիները կարողանան մինչ այդ փոխհամաձայնության գալ: Իսկ դրա նախանշաններն առայժմ չեն երևում:

Երեքուկես տարի առաջ 52 տոկոս «կողմ», 48 տոկոս «դեմ» ձայներով ընդունելով Բրեքզիթի որոշումը՝ Լոնդոնում մինչև հիմա վիճում են դրա պայմանների շուրջ, և արդեն երրորդ անգամ են Բրյուսելից հավելյալ ժամանակ խնդրում:

Օր-օրի խորացող տարաձայնությունների պատճառով երկու վարչապետ հրաժարական է տվել, երրորդն էլ հիմա կանգնած է լուրջ ճգնաժամի առջև: Հուլիսին, գալով իշխանության ,Բորիս Ջոնսոնը հաստատակամ պնդում էր՝ ինչ էլ լինի, ամեն գնով Լոնդոնը պետք է Եվրամիությունը լքի մինչը հոկտեմբերի 31-ը: Օրեր առաջ, սակայն, դեմ գնալով սեփական համոզմունքին, նա ստիպված էր վերջնաժամկետը երկարաձգելու հերթական դիմում-խնդրանքն ուղարկել Բրյուսել՝ խորհրդարանի ճնշումների ներքո: Հիմա, իրավիճակից դուրս գալու համար Ջոնսոնը պահանջում է ցրել խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ անցկացնել:

«Իրավիճակը շատ, շատ բարդ է, և մտավախություն ունեմ, որ այս խորհրդարանն անհույս է: Անցած շաբաթ մենք հիանալի համաձայնություն էինք ձեռք բերել եվրոպացի մեր բարեկամների հետ և այն դրել քվեարկության, պատգամավորները, սակայն, որոշեցին հետաձգել Բրեքզիթը, թեև հավանություն էին տալիս բուն գործընթացին: Սա շատ հիմար իրավիճակ է, քանի որ հիմա արդեն Եվրամիությունն է որոշում կայացնում՝ որքան ենք մենք մնալու կառույցի կազմում», - հայտարարել է Ջոնսոնը:

Դաունինգ Սթրիթից՝ վարչապետի նստավայրից ստացված տեղեկությունների համաձայն, Բորիս Ջոնսոնը պատրաստվում է այսօր ուշ երեկոյան արդեն քվեարկության դնել արտահերթ ընտրություններ անցկացնելու իր առաջարկը: Քվեարկության ելքը, սակայն, խիստ անորոշ է. որոշումն ընդունելու համար Ջոնսոնին անհրաժեշտ է պատգամավորների առնվազն երկու երրորդի աջակցությունը, ընդդիմությունը, մինչդեռ, բոլորովին այլ պահանջներ է առաջ քաշում: Լեյբերիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը, մասնավորապես, հայտարարում է, թե նախ անհրաժեշտ է համաձայնեցնել Եվրամիությունից դուրս գալու համաձայնագիրն ու օրենքով ամրագրել, որ առանց գործարքի Մեծ Բրիտանիան եվրոպական ընտանիքը չի լքի:

Խորացող այս տարաձայնությունների ֆոնին ավելի հաճախ են կարծիքներ հնչում, թե իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է Բրեքզիթի հարցը երկրորդ անգամ դնել հանրաքվեի: «Պետք է Բրիտանիայի հասարակությանը հնարավորություն տալ վերջնական կարծիքն արտահայտելու», - հայտարարել է Լոնդոնի քաղաքապետ, Բրեքզիթի ընդդիմախոս Սադիք Խանը: - «Հիմա, երբ մենք գիտենք արդեն՝ ինչ է նշանակում դուրս գալ Եվրամիությունից, պետք է վերջնական կարծիքն ասելու հնարավորություն ունենանք: Հստակ է, որ Բեքզիթը խորը տարաձայնություններ է առաջացրել մեր երկրում , և այս իրավիճակում մենք պետք է թույլ տանք, որ Բրիտանիայի հասարակությունը որոշում կայացնի»:

Եվրամիության անդամներն, իրենց հերթին, ակնարկում են, որ հավելյալ ժամանակը հենց այնպես չեն տվել, և առաջիկա ամիսների ընթցաքում Լոնդոնից հստակ քայլեր են ակնկալում:

«Մենք հարգում ենք Մեծ Բրիտանիայի ժողովրդի կամքը, և անհամբերությամբ սպասում ենք խնդրի հանգուցալուծմանը», - հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Ամելի դե Մոնշալանը, միաժամանակ փաստելով՝ Մեծ Բրիտանիան կարող է նաև չեղարկել Բրեքզիթը: «Վարչապետը կարող է վերցնել հեռախոսը, զանգել Բրյուսել ու ասել՝ ես ամեն բան դադարեցնում եմ», - ասել է Մոնշալանը: