ԱԱԾ ղեկավար․ Եթե «Հոկտեմբերի 27»-ի գործով անհրաժեշտություն եղավ, կիրականացնենք միջոցառումներ

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Եթե «Հոկտեմբերի 27»-ի գործով նոր հանգամանքներ ի հայտ գան, Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) «պետք է և պարտավոր է շարունակել իր գործողությունները»: Այդ մասին այսօր հայտարարեց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

«Արման Բաբաջանյանը երբ հանդիպեց Նաիրի Հունանյանի հետ, դրանից հետո հայտարարեց, որ իրեն նոր տեղեկություններ է փոխանցել, նոր հանգամանքներ, որի հետ կապված կարելի է գործի քննություն սկսել: Դուք՝ որպես ԱԱԾ, արդյո՞ք չեք պատրաստվում տեսնել, թե ինչ նոր հանգամանքներ են», - «Ազատության» այս հարցին ԱԱԾ ղեկավարն արձագանքեց․ - «Ճիշտ կլիներ՝ այդ հարցը ուղղեիք Արման Բաբաջանյանին, բայց, իհարկե, եթե նոր հանգամանքներ ի հայտ գան, մենք պետք է և պարտավոր է շարունակենք մեր գործողությունները»:

«Ազատություն»․ - Նկատի ունեմ՝ պատրաստվո՞ւմ եք խոսել Արման Բաբաջանյանի հետ, բնականաբար՝ նաև ձայնագրվել է այդ հանդիպումը, այդ ձայնագրությունն ուսումնասիրեք: Արվո՞ւմ են աշխատանքներ:

Էդուարդ Մարտիրոսյան․ - Ես չգիտեմ՝ Ձեր մոտ որտեղից էդ, ձայնագրվել է այդ հանդիպումը, թե ոչ, մենք Արման Բաբաջանյանին չվստահելու խնդիր չունենք, և ինքը, կարծում եմ, եթե հանդիպենք, ամբողջ իրականությունը կասի, և եթե անհրաժեշտություն եղավ, իսկ անհրաժեշտությունը էս գործով հաստատ կլինի, մենք կիրականացնենք միջոցառումներ:

«Ազատություն»․ - Այսինքն, առաջիկայում պատրաստվում եք որոշակի քայլեր նախաձեռնել:

Մարտիրոսյան․ - Արման Բաբաջանյանը զանգվածային լրատվամիջոցներով ներկայացրել է արդեն տեսակետ, ես ասում եմ՝ մենք այս պարագայում ոչ մի խնդրի առաջ չենք կանգնելու, ձեզ հավաստիացնում եմ:

«Ազատություն»․ - Քայլեր կլինեն ԱԱԾ-ի կողմից առաջիկայում:

Մարտիրոսյան․ - Ես չգիտեմ՝ ինչ է խոսացել Արման Բաբաջանյանը: Մամուլինը կարդացել եմ: Երբ որ կփոխանցի, մենք կզբաղվենք:

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը անցած շաբաթ հանդիպում է ունեցել «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկչական խմբավորման պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ: Հանդիպումից հետո նա հայտնել է, թե զրույցի մանրամասները պատրաստ է քննարկել ԱԱԾ-ի հետ, և որ ազգային անվտանգության խնդիր է տեսնում:

Այսօր «Ազատության» հետ զրույցում պատգամավորը փոխանցեց, որ ԱԱԾ-ից իր հետ դեռևս կապ չեն հաստատել, սակայն ինքը պատրաստ է իրավապահներին փոխանցել այն նոր տեղեկությունները, որոնց մասին իրեն պատմել է ահաբեկչական խմբավորման պարագլուխը:

«Դեռևս այդպիսի նախաձեռնություն չի եղել, ես, իհարկե, հույս ունեմ, որ առաջիկայում կլինի, ինձ հետ կապ կհաստատեն Ազգային անվտանգության ծառայության համապատասխան մարմինները, ես պատրաստ եմ իմ ամբողջ ունեցած տեղեկությունները փոխանցել», - ասաց Բաբաջանյանը՝ շարունակելով․ - «Ես, ինչպես արդեն նշել եմ, միայնակ չեմ եղել Նաիրի Հունանյանի հետ իմ զրույցի ամբողջ ընթացքում, խնդրել եմ, որպեսզի «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետը ամբողջ ընթացքում ներկա լինի: Այնպես որ, կարծում եմ, որ անհրաժեշտության դեպքում որոշ ճշտումներ կարող են արվել մինչև ինձ հրավիրելը: Իսկ այդ հրավերը լինելուն պես, ես կարծում եմ, որ պատրաստ կլինեմ աշխատել մարմինների հետ»:

«Ազատություն»․ - Ձեր զրույցը ձայնագրվել է, բնականաբար:

Արման Բաբաջանյան․ - Ենթադրում եմ, որ ընդհանրապես Ազգային անվտանգության ծառայությունում այդպիսի կարևոր հանդիպումից առաջ պետք է որոշակի նախապատրաստական աշխատանքներ տարվեին, և ըստ ամենայնի՝ պատկան ներկայացուցիչները, ովքեր գործի վերաբերյալ հաստատապես պիտի ուզեին իմանալ, էսպես, ներքին տրամադրություններ, որոնք որ տեղ են գտել իմ զրույցի ընթացքում, արդեն հասցրել են ծանոթանալ, և եթե պետք է, որպեսզի ես իմ կողմից ավելացնեմ ի՛մ պատկերացումները, իմ վերլուծությունների, այսպես, ամբողջությունը, կարծում եմ՝ որևէ դժվարություն չի ներկայանա, և ես պատրաստ եմ:

Արման Բաբաջանյանը նշում է, որ այն տեղեկությունները, որոնք ինքը ստացել է Հունանյանից, նոր հանգամանքներ են, և եթե դրանց արժանահավատությունը հաստատվի, ապա դրանք կարող են հիմք հանդիսանալ «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբացման համար:

Միևնույն ժամանակ, ցմահ ազատազրակման դատապարտված ահաբեկչական խմբավորման պարագլխի հետ ավելի քան 2 ժամ տեսակցած Արման Բաբաջանյանը շեշտում է՝ չպետք է թույլ տալ, որ ստեղծված քաղաքական իրավիճակում Նաիրի Հունանյանը փորձի մանիպուլացնել հասարակության սպասումները:

Հունանյանը, ըստ Բաբաջանյանի, լավ տեղեկացված է քաղաքական անցուդարձին, ունի հեռուստացույց, հետևում է իրադարձություններին և կարող է ցանկություն ունենալ ներգրավվել որոշակի ներքաղաքական գործընթացներում․ - «Նաև հասկանալով հանրության հետաքրքրությունը կոնկրետ «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման վերաբերյալ ցանկանա դառնալ կարևոր հանգույց դրա մեջ: Մեր խնդիրն է որևէ ձևով թույլ չտալ, որպեսզի նա և նրա մտադրությունները ոռոգողները, ժամանակին նրան թև ու թիկունք դարձած անձինք որևէ մանիպուլյացիայի ենթարկեն հասարակության սպասումները և օգտվեն դրանից: Կարծում եմ, որ այս պահին կա այդ հասունությունը, այդ գիտակցումը դեպքերի այդպիսի ընթացք թույլ չտալու համար»:

Բաբաջանյանը համաձայն է 1999-ի հոկտմբերի 27-ին սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի այն պնդման հետ, որ այժմ «Հոկտեմբերի 27»-ի վերաբացման համար լավագույն ժամանակը չէ:

Ըստ Արման Բաբաջանյանի, ոչ միայն քաղաքական դաշտում է հանդարտություն անհրաժեշտ, այլև դատական համակարգում պետք է փոփոխություններ լինեն․ - «Դատական համակարգի առողջ միջավայրի պայմաններում միայն մտածել այսպիսի գործի վերաբացման մասին, որովհետև միաժամանակ «Մարտի 1»-ի և «Հոկտեմբերի 27»-ի գործերի ծավալը, դրա կարևորությունը ոչ միայն ներքին, այլև արտաքին իմաստներով ուղղակի կարող է մարսելի չլինել ոչ միայն քաղաքական տեսանկյունից, այլև դատական»:

«Պետք չի ստահոդ լուրեր տարածել» Վանեցյանի ձերբակալության մասին

Լրագրողների հարցերին էլ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ կապված որևիցե գործեր պատրաստվո՞ւմ են հարուցել, որևէ քննություն չի՞ իրականացվում, նա չի՞ կալանավորվելու կամ ձերբակալվելու, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն արձագանքեց․ - «Ոչ, ոչ, ոչ»:

«Ազատության» հարցին՝ համաձա՞յն է հրաժարական տալուց առաջ Վանեցյանի հրապարակած հայտարարությունում հնչած գնահատականներին, Էդուարդ Մարտիրոսյանը չպատասխանեց:

«Վերջացնենք, հա՞, խնդրում եմ՝ վերջացնեք, արդեն պատասխանեցի ձեզ: Պետք չի էդ ձև ստահոդ լուրեր տարածել: Ո՞վ ա տարածում էդ լուրերը, ի՞նչ ձերբակալության մասին է խոսքը գնում: Լուրեր, շատ լուրեր կան», - ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը, դիտակմանը՝ «այսինքն, Դուք հերքում եք», արձագանքելով․ - «Այո»:

Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 16-ին հրաժարական տվեց՝ տարածելով հայտարարություն, որում մասնավորապես ասված էր․ - «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»: