Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով, Նաիրի Հունանյանի դիմումը նախ հնարավորություն է վերջինիս համար հանդես գալ ասելիքով՝ եթե այդպիսին կա:
«Եթե Նաիրի Հունանյանը պատրաստ լինի էական, մինչև հիմա հասարակությունից անհայտ դրվագներ նախաքննական մարմնին ներկայացնելու, այդ ժամանակ, բնականաբար, մենք կփորձենք այդ հնարավորությունը լիարժեք իրացնել՝ հնարավորություն տալով «Հոկտեմբերի 27»-ի լիարժեք բացահայտումը դարձնել իրականություն», - ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Նա չի կարծում, թե պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմում ներկայացնելն ազդակ է, թե Հունանյանը նոր ասելիք ունի․ - «Ոչ: Դա կարող է այլ ազդակ էլ լինել: Իրեն ինչ-որ մարդիկ հույս են տվել, որ դու կարող ես էդպիսի հնարավորություն ունենալ ազատության մեջ հայտնվելու: Բայց դա հաստատ իշխանությունների հետ ոչ մի կապ չունի»:
1999 թվականի հոկտեմբերի 27-ին ահաբեկչական հարձակում տեղի ունեցավ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
3 տարի ձգված դատավարությունից հետո 6 անձ, այդ թվում Նաիրի Հունանյանը, դատապարտվեցին ցմահ, մեկը՝ 14 տարվա ազատազրկման:
Ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումը այժմ քննարկման փուլում է և 80-օրյա ժամկետում, այսինքն դեկտեմբերի սկզբին պարզ կլինի՝ դիմումը կբավարարվի, թե ոչ:
Հունանյանը դիմումը ներկայացրել է ազատազրկման 20 տարին լրանալու հիմքով:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նկատում է, որ նման դիմում ներկայացնելը Հունանյանի իրավունքն է, բայց դա չի նշանակում, որ այն պետք է բավարարվի․ - «Կարծում եմ, որ հանրությունը պատրաստ չէ այդ անձի ազատությունը այլ պատժատեսակով փոխարինելուն»:
Հոկտեմբերի 27-ին սպանված խորհրդարանի փոխնախագահ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի տեղեկություններով, ամիսների առաջ նման դիմում է ներկայացրել նաև գործով ցմահ դատապարտված Աշոտ Կնյազյանը, և դիմումը մերժվել է:
Բախշյանի համար միանշանակ է, որ Հունանյանի դիմումի մերժումը այլընտրանք չունի․ - «Ամբարտավան, անբարոյական մարդու արած հերթական քայլ, որը չգիտեմ ինչ նպատակ ունի: Հաստատ մերժվելու է»:
Իշխող կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը համաձայն չէ, որ իշխանափոխությունից հետո այս մեկուկես տարվա ընթացքում քայլեր չեն արվել «Հոկտեմբերի 27»-ի խորքային բացահայտման համար․ - «Հոկտեմբերի 27-ի մասին արդեն մեկ տարի է խոսում է Մեղրիի տարբերակի մասին Վաղարշակ Հարությունյանը, Արամ Սարգսյանը: Ընդհանրապես թե «Հոկտեմբերի 27»-ը ինչի արդյունքում էր, դեռ ամբողջական ուսումնասիրված չէ, որովհետև հիշում եք դատավարական պրոցեսը․ ամեն ինչ արվեց Ռոբերտ Քոչարյանի և իր՝ այն ժամանակվա իշխանությունը կրող անձնակազմի կողմից, որ դատաքննության ընթացքում հիմնական վկաները չհայտնվեն դատարանի դահլիճում: Պարոն դատավոր Ուզունյանը շուտ թե ուշ պետք է այդ հարցի պատասխանը տա ինչ-որ տեղ: Իրեն ո՞վ էր պարտադրում, որպեսզի ինքը նման որոշում կայացնի»:
Քոչարյանը չի բացառում, որ ութ մարդու կյանք խլած ահաբեկչության հարցը կդառնա Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ 2020 թվականին ձևավորվելիք փաստահավաք հանձնաժողովի քննության առարկա: Հանրության շրջանում հեղինակություն վայելող անձանցից կազմված այդ հանձնաժողովը պետք է զբաղվի 1991-2018 թվականներին Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերի ուսումնասիրությամբ:
Անահտի Բախշյանը հակադարձում է, պնդելով, որ «Հոկտեմբերի 27»-ով պետք է զբաղվեն պրոֆեսիոնալ իրավապահները․ - «Ես գիտեմ, որ էստեղ շատ լուրջ դժվարություններ կան: Ես գիտեմ, որ սա Մարտի 1-ի գործ չի, որ միայն Հայաստանի ներքին խնդիրները լիներ՝ ով է, ինչ է․․․ բոլորը կուզենային պարզել: Էն էլ ինչ դժվարությամբ է առաջ գնում: «Հոկտեմբերի 27»-ը դա շատ մեծ անհայտներով բազմաթիվ հավասարումներ է: Եվ չգիտեմ երբևիցե կլուծվի՞, թե՞ չէ: Բայց իշխանության անդրադարձը, իշխանության գնահատականը ո՞րն է: Ես չգիտեմ: Այսօր՝ հոկտեմբերի 23-ին ես չգիտեմ, թե հոկտեմբերի 27-ին իշխանությունը ինչ է անելու, ինչպես է նշելու այդ պետական ողբերգության 20-րդ տարելիցը»: