«Հյուսիս-հարավ»-ի քրեական գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը չի կալանավորվի։ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց գործարարին 20 միլիոն դրամ գրավով ազատ արձակելու՝ առաջին ատյանի որոշումը: Այս մասին լրագրողներին հայտնեց հենց ինքը` Առուստամյանը։ «Արդարացի որոշում», - հայտարարեց նա:
Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև 2008-2010 թվականներին Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանը, սակայն նախկին պաշտոնյան նույն Վերաքննիչ դատարանի որոշմամբ հոկտեմբերի 22-ին կալանավորվեց: Գուրգեն Սարգսյանը մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և խոշոր չափերի հարկերից խուսափելու, իսկ Գագիկ Ծառուկյանի մտերմիներից համարվող Սեդրակ Առուստամյանը՝ կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Գործարարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։
Ըստ Քննչական կոմիտեի՝ «Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ընկերությունները, գործելով «Սթոնս» ընկերության ղեկավարներ Սեդրակ Առուստամյանի, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանի հետ, ընկերությանը իբր մատուցված ծառայությունների համար դուրս են գրել ընդհանուր 177 միլիոն դրամի կեղծ հարկային հաշիվներ։ Գումարի մեծ մաս փոխանցվել է Սեդրակ Առուստամյանին։
«Հյուսիս-հարավ»-ի քրեական գործով ավելի քան հազար մարդ է հարցաքննվել, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներ։ Մեղադրյալների թիվը մեկուկես տասնյակից ավելի է։ Նրանցից հինգը հետախուզվում են։
Հետախուզվողների թվում է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանը։ Նա «Հյուսիս-հարավ»-ի քրեական գործով մեղադրվում է փողերի լվացման և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար։