«Նաիրի Հունանյանից ստացա պատասխաններ, որոնք էական տարբերություններ ունեն քրեական գործում տեղ գտած փաստագրումներից», - «Ազատությանը» փոխանցեց Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, ով երեկ երկժամանոց հանդիպում է ունեցել «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկչական խմբավորման պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ:
Խոսելով խորհրդարանում ահաբեկչական հարձակում իրականացրած անձի ադեկվատության մասին՝ Բաբաջանյանը նկատում է, թե երկու ժամ ոչ ադեկվատ մարդու հետ խոսել հնարավոր չէ՝ հավելելով այդուհանդերձ, որ մթագնման պահեր ևս եղել են․ - «Ես պիտի ասեմ, որ նա շատ արթուն վիճակում է: Նա ժամանակ առ ժամանակ շատ ագրեսիվ դրսևորումներ է ունենում և դրա համար դեղեր է ընդունում: Ինձ զգուշացվել էր ի սկզբանե: Եվ պիտի ասեմ, որ մեր զրույցի ընթացքում որոշ դրսևորումներ կային այդ ագրեսիվության»:
Զրույցի ողջ ընթացքում ներկա է եղել նաև «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարը: Զրույցից շատ մանրամասներ Բաբաջանյանը փոխանցել չի կարող, քանի որ ազգային անվտանգության խնդիր է տեսնում, պատրաստ է դրանք քննարկել ԱԱԾ-ի հետ:
Հարցին, թե Հունանյանի ասածների մեջ արդյոք կան այնպիսի նոր փաստական հանգամանքներ, որոնք գործի վերաբացման հիմք կարող են դառնալ, Բաբաջանյանն արձագանքեց, թե առանց Հունանյանի հայտարարությունների էլ բավարար հիմքեր կան դրա համար․ - «Կարծում եմ, որ Մեղրիի վերաբերյալ վերջին շրջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից շրջանառվող ուղղակի ապացույցները լիուլի են, որպեսզի մենք ձեռնամուխ լինենք գործի վերսկսմանը: Եվ պիտի ասեմ, որ Մարտի 1-ի գործը, որ հիմա նոր-նոր սկսվում է քննվել դատարանում, Նաիրի Հունանյանի փոխանցածի համեմատ ծաղիկներ են: Կարծում եմ, երանի կտան մեղավորները, որպեսզի Մարտի 1-ով վերջանա ամեն ինչ»:
1999 թվականի հոկտեմբերի 27-ին հարձակում տեղի ունեցավ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, մեկ նախարար և հինգ պատգամավոր: 3 տարի ձգված դատավարությունից հետո 6 անձ, այդ թվում Նաիրի Հունանյանը, դատապարտվեցին ցմահ, մեկը՝ 14 տարվա ազատազրկման:
Ոճրագործությանը հաջորդող ժամերին ԱԺ-ում տեղի ունեցավ առանձնազրույց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի միջև, որի բովանդակության մասին մինչև օրս մանրամասներ հայտնի չեն։
Բաբաջանյանը պարզաբանեց, որ զրույցի ընթացքում մի քանի անգամ է վերադարձել այդ թեմային , բայց այժմ ընդամենը մեկ դրվագ կարող է առանձնացնել․ - «Ասաց, որ Ռոբիկը վախեցած էր: Ասեցի ինչի՞ց, որովհետև դուք արդեն զինաթափված էիք: Ասեց՝ տեղի ունեցածից, ինձ հետ ինքը վախեցած էր խոսում»:
Հոկտեմբերի 27-ի գործով դատավարություններից մեկի ժամանակ հրապարկվել էր Նաիրի Հունանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը, որում ամբաստանյալը գրել էր. - «Սկսվել է ամենավտանգավոր փուլը, և Ձեզ առաջարկում եմ մեղադրանք առաջադրելիս նկատի ունենալ, որպեսզի մեղադրանքի ծավալը չբխի այս կամ այն նյութերից և նախկինի նման ակնհայտ կեղծ չլինի: Ապա վերջում կարող է դուրս գալ, որ դուք Ձեզ եք մեղադրանք առաջադրել»:
Այս դրվագի մասին խոսելիս Բաբաջանյանը միայն մեկ շեշտադրում է անում՝ Հունանյանը չի ափսոսում, որ իր արածից հետո երկիրը մնացել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության ներքո․ - «Ի սկզբանե շատ լավ իմանալով, որ ընթացքը այդ ուղղությամբ կարող է գնալ, նա այսօր էլ չի ափսոսում, որ երկիրը իր ահաբեկչության արդյունքում հայտնվել էր Ռոբերտ Քոչարյանի, իսկ հետո նաև Սերժ Սարգսյանի իշխանության տակ»:
Բաբաջանյանի գնահատմամբ, Նաիրի Հունանյանի մտադրությունները ժամանակին խրախուսվել են քաղաքական գործիչների կողմից, ովքեր այսօր էլ կան ու գործում են քաղաքական ասպարեզում:
«Հունանյանը ինձ շատ անուններ է տվել», - ընդգծում է Բաբաջանյանը: - «Անունները, որոնք նա հնչեցրեց, դրանք պատահական չեն: Քաղաքական այն գործիչները, որոնք դուրս էին գալիս Ազգային ժողովից և ռոմանտիկների քայլ էին ընդամենը բնորոշում Նաիրի Հունանյանի կատարած ոճիրը, պարզվում է, ոճիրից մի քանի օր առաջ հանդիպել են Նաիրի Հունանյանի հետ և նրան սնուցել են, նրան ոռոգել են իր մտադրության մեջ և նրան, ըստ էության, մղել են այդպիսի գործողության դիմել: Նաիրի Հունանյանը միայնակ չի եղել։ Սա հաստատապես կարող եմ ասել: Նաիրի Հունանյանին սպասել են դրսում, Նաիրի Հունանյանի մտադրությունը ոռոգվել է Հայաստանից դուրս և Հայաստանի ներսում: Եվ այդ ոճրագործությունը ունի պատվիրատուներ Հայաստանից դուրս և ունի շահառուներ Հայաստանից ներս»:
Հունանյանի հետ հանդիպելու պատճառներից մեկն էլ եղել օրերս ներկայացրած դիմումը վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ: Այն այժմ քննարկման փուլում է և դեկտեմբերի սկզբին պարզ կլինի՝ կբավարարվի՞, թե՞ ոչ:
Արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանը, ըստ էության, օրերս ԱԺ ամբիոնից բացառել էր այդ դիմումի բավարարման հնարավորությունը: