Պատգամավոր Արման Բաբաջանյանը պնդում է, որ 2018 թվականին մի խումբ պաշտոնյաներ, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, օրինախախտումներով բռնազավթել են ՍԴ նախագահի պաշտոնը:
Հատուկ քննչական ծառայությունը օրեր առաջ հաղորդագրություն տարածեց, որ Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ է ներգրավել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին:
Այս գործով երեկ կալանավորվեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ իշխանության յուրացմանը օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով:
Հրայր Թովմասյանը գործում որևէ կարգավիճակ չունի: Ըստ Սահմանադրության՝ ՍԴ նախագահին մեղադրանք առաջադրելու համար անհրաժեշտ է բարձր դատարանի որոշումը, թեև այս դեպքում իրավաբանների մեկնաբանությունները տարբեր են:
Սահմանադրական դատարանի նախագահը հարցազրույց է տվել «168 ժամ»-ին: Ստորև՝ հատված հարցազրույցից․
Հարց․ - Որպես Սահմանադրական դատարանի նախագահ՝ այնուամենայնիվ, Դուք օգտվում եք անձեռնմխելիությունից: Իսկ եթե կալանավորեն նաև Ձե՞զ, ինչը չի բացառվում: Առանց Սահմանադրական դատարանի համաձայնության, այո, Ձեզ հնարավոր չէ կալանավորել, բայց եթե, այնուամենայնիվ, քաղաքական որոշո՞ւմ կայացվի․ տեսում ենք՝ քաղաքական որոշումներ են շատ հաճախ կայացվում:
Հրայր Թովմասյան․ - Ես կցանկանամ բոլորի ուշադրությունը հրավիրել, որ մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված Սահմանադրական դատարանի դատավորները՝ և՛ եվրոպական ստանդարտներով, և՛ Սահմանադրական դատարանի վերջին որոշումներով արձանագրված՝ դա Քրեական դատավարության 35-րդ հոդվածին էր վերաբերվում, որ մինչև դա նշանակված դատավորները դրան նախորդող ողջ ժամանակահատվածի համար ունեն ոչ միայն ֆունկցիոնալ, այլ ամբողջական անձեռնմխելիություն, և ինձ քրեական պատասխանատվության ենթարկելու և ընդհանրապես քրեական հետապնդում սկսելու, կալանավորելը կարող են միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ, թեպետ 2015 թվականի Սահմանադրությամբ դա փոխվել է և ամրագրվել է բացառապես ֆունկցիոնալ անձեռնմխելիություն:
Հարց․ - Կրկնում եմ, պարոն Թովմասյան՝ եթե լինի քաղաքակա՞ն որոշում:
Թովմասյան․ - Եթե լինի քաղաքական որոշում, Սահմանադրական դատարանը պիտի մնա իր դերում և կայացնի իրավական որոշում, և ցանկացած իրավական որոշում ինձ համար ընդունելի է:
Հարց․ - Ձեզ համար, իսկ եթե իշխանությունները չընդունե՞ն:
Թովմասյան․ - Ես էդ հարցին չեմ կարող նորից պատասխանել: Ես դժվարանում եմ իմ փոխարեն պատասխանել, հիմա Դուք ասում եք՝ իշխանության փոխարեն պատասխանեք: Չեմ կարող ասել ինչ կլինի:
Հարց․ - Սահմանադրությունը էս դեպքում միայն․․․
Թովմասյան․ - Սահմանադրությունը այս դեպքում, իմ կարծիքով, հստակ է, միանշանակ է: Երեկ երկու նախկին արդարադատության նախարարներ շատ հստակ անդրադարձել են դրան, կա Եվրոպական դատարանի նաև որոշում Թուրքիայի գործով, որտեղ այս հարցին անդրադարձել է, որ նախորդ կարգավիճակը եթե պետք է պահպանեն, թեպետ էնտեղ, եթե չեմ սխալվում, դատավորի թե պատգամավորին էր վերաբերվում, և 2005 թվականի Սահմանադրությամբ սահմանված անձեռնմխելիությունը Սահմանադրական դատարանի անդամի, դատավորի համար պահպանում են բոլոր այն անձինք, որոնք մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը, այսինքն՝ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, ունեին ամբողջական անձեռնմխելիություն:
Հարց․ - Ինչպե՞ս եք տեսնում ելքը, ո՞ր հանգուցալուծումը կլինի գոհացուցիչ, ո՞ր դեպքում:
Թովմասյան․ - Իմ համար չկա գոհացուցիչ, ոչ գոհացուցիչ: Ես, անկախ իմ զբաղեցրած պաշտոնից, ես ինձ համարում եմ էսպես, յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր պաշտոնյա ինքը շատ փոքր է երկրի առջև ծառացած խնդիրների, ազգի նպատակի, և այլի, և այլի համար: Այդ հանգուցալուծումը ինչպիսին կլինի՝ մի բանում եմ ես հետևողական լինելու, որ այդ հանգուցալուծումը պետք է լինի իրավական, այդ հանգուցալուծումը չպետք է լինի մեր իրավական անվտանգության ու սահմանադրականության հաշվին, այդ հանգուցալուծումը չպետք է լինի իմ խղճի դեմ, այդ հանգուցալուծումը չպետք է լինի գործարք:
Հարց․ - Կարծում եք՝ սա գործարքի առաջա՞րկ է ինչ-որ իմաստով:
Թովմասյան․ - Ասացի՝ չպետք է լինի, ես ոչինչ դրանից չավելացրեցի: