Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող դիմումի հիման վրա հարուցված քրեական գործում ՍԴ նախագահը կարող է մեղադրյալի կարգավիճակ ունենալ կամ ազատազրկվել առանց բարձր դատարանի որոշման, պնդում է փաստաբան Կարապետ Բադալյանը՝ հիմնավորելով, թե հարուցված քրեական գործը չի բխում ՍԴ նախագահի գործող լիազորություններից:
«Բայց տվյալ դեպքում, եթե մենք խոսում ենք Քրեական օրենսգրքի 300 հոդվածի մասին՝ իշխանության յուրացման մասին, էնտեղ հստակ նշված է, որ այդ լիազորությունները օրենքի խախտմամբ ձեռք բերել է, հստակ պետք է տարանջատենք լիազորությունների ձեռքբերումը և լիազորությունների իրականացումը, քանի որ այստեղ խոսքը 300 հոդվածով խոսքը գնում է լիազորությունների օրենքի խախտմամբ ձեռք բերելուն, ստեղ գործառնական անձեռնմխելիության կիրառության որևիցե հիմք չկա։ Սա նշանակում է, որ եթե ՍԴ անդամ դատավորը քրեական հետապնդման ենթարկվի այդ հոդվածով այն հիմքով, որ լիազորությունները ձեռք է բերել օրենքի խախտմամբ, Սահմանադրական դատարանի համաձայնության անհրաժեշտություն չկա», - ասաց Կարապետ Բադալյանը։
ՀՔԾ-ում մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու հոդվածով օրեր առաջ քրեական գործ հարուցվեց պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա: Պատգամավորը պահանջել էր քրեաիրավական գնահատական տալ 2018 թվականին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնին հասնելու ճանապարհին Հրայր Թովմասյանի թույլ տված օրինախախտումներին, որոնց արդյունքում, ըստ պատգամավորի, տեղի է ունեցել իշխանության փաստացի բռնազավթում: Հրայր Թովմասյանը դեռ որևէ կարգավիճակով ներգրավված չէ այս գործում: Ըստ Սահմանադրության, ՍԴ դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Սահմանադրական դատարանի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:
Արդյոք հնարավո՞ր է Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրել կամ ձերբակալել առանց բարձր դատարանի որոշման, եթե հարուցված քրեական գործում հիշատակված է Հրայր Թովմասյանի ՍԴ անդամ, ապա նախագահ դառնալու ժամանակահատվածը, ոչ թե նախագահության շրջանը: Իրավաբանների մեկնաբանությունները տարբեր են: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հիմնավորմամբ՝ այս դեպքում էլ բարձր դատարանի որոշումը պարտադիր է:
«Սահմանադրական դատարանի կազմի անձեռնմխելիությունը պետք է հասկանալ այնքան լայն, որքան որ հնարավոր է, այսինքն՝ բոլոր վիճելի դեպքերում պետք է մենք առաջնորդվենք անձեռնմխելիության առկայության, այլ ոչ թե բացակայության կանխավարկածով։ Մենք այստեղ ունենք իրավիճակ, երբ քրեական գործ է հարուցվել Սահմանադրական դատարանի դատավորի թե նախագահի լիազորությունները ստանձնելու կապակցությամբ, և կարելի է ասել, որ այն կապված է Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների շրջանակներում այդ սահմանադրական ձևակերպման հետ», - նշեց Մելիքյանը։
Փաստաբան Կարապետ Բադալյանը հիշեցնում է՝ նախկին Սահմանադրությամբ էին ՍԴ անդամները օժտված անձնական անձեռնմխելիությամբ, և անկախ ենթադրյալ հանցանքի ժամկետից՝ անդամներին, նախագահին անձեռնմխելիությունից զրկելու համար անհրաժեշտ էր Սահմանադրական դատարանի որոշումը:
«Միայն գործառնական անձեռնմխելիությունը կա, իսկ 300 հոդվածի կիրառելիության դեպքում Քրեական օրենսգրքի 300 հոդվածը դրա տիրույթից դուրս է, որովհետև նշեցի արդեն, որ դա իշխանությունը ապօրինաբար ձեռք բերելու հանգամանքին է վերաբերում, ոչ թե լիազորությունների իրականացմանը», - ընդգծեց Բադալյանը։
Արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ դատավորի անձեռնմխելիությունը չէր գործի, եթե նրան առնչվող քրեական գործը որևէ առնչություն չունենար լիազորությունները ստանձնելու հետ:
«Դատավորը եթե նախկինում այլ աշխատանք է կատարել՝ ցանկացած այլ աշխատանք, և այդ աշխատանքի կապակցությամբ որևէ առնչություն չունեցող Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների հետ, այդ թվում նաև լիազորությունները ստանձնելու հետ, այդ թվում նաև Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ստանձնելու հետ որևէ առնչություն չունի, որևէ ողջամիտ մոտեցում լինել չի կարող, որ առնչություն ունի, հետևաբար՝ անձեռնմխելիությունը չի գործում», - ասաց Մելիքյանը։
Իսկ փաստաբան Գևորգ Գյոզալյանի կարծիքով՝ բոլոր դեպքերում պետք է ՍԴ դատավորի անձեռնմխելիության հարցը որոշվի ՍԴ-ի համաձայնությամբ: Անգամ այս դեպքում, երբ գործում հիշատակված է Հրայր Թովմասյանի ՍԴ անդամ նշանակվելու, ապա նախագահ ընտրվելու գործընթացի փուլը:
«Եթե մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ սա լիազորությունների կապակցությամբ չէ այս հանցագործությունը, քրեական գործ հարուցվի, խափանման միջոց ընտրվի, կալանավորեն և այլն, ապա այս Սահմանադրական դատարանի դատավորին մենք շատ հեշտությամբ կարող ենք մեկուսացնել, որպեսզի այդ ընտրական վեճը, օրինակի համար, նա չլսի: Եթե մենք կառչեցինք այս ձևակերպումից, ապա դուրս կգա, որ գործադիր իշխանությունը կարող է ճնշել դատական իշխանությանը։ Միշտ կգտնվեն դիմումներ, միշտ կգտնվեն ինչ-որ առիթներ քրեական գործեր հարուցելու, և եթե քրեական գործ հարուցվեց առանց Սահմանադրական դատարանի, որովհետև այդ հավասարակշռությունը արդեն կխախտվի, ցանկացած պարագայում կարող է հարուցվել դատավորին ճնշելու հետ կապված: Ինստիտուցիոնալ առումով, այո, միանշանակ՝ առանց Սահմանադրական դատարանի կամ առանց Բարձրագույն դատական խորհրդի կամ առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող որևէ պատգամավորի կամ որևէ դատավորի՝ ընդհանուր իրավասության, վերաքննիչ, վճռաբեկ, կամ [առանց] Սահմանադրական դատարանի համաձայնության որևէ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ իրականացվել քրեական հետապնդում», - նշեց Գյոզալյանը։
Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը երեկ լրագրողների հետ զրույցում դժվարացել էր նշել՝ Հրայր Թովմասյանն այս գործով կարգավիճակ կունենա, թե ոչ: