Ռուսաստանը բողոքի նոտա չի հղելու Հայաստանին․ ТАСС

Տեղեկատվությունը, թե Ռուսաստանի Հայաստանին բողոքի նոտա է հղելու զենքի տենդերի չեղարկման կապակցությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան ТАСС պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «իրավիճակին մոտ աղբյուրը»:

«Այդ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը», - ասել է աղբյուրը:

Ավելի վաղ ռուսաստանյան մեկ այլ՝ РИА "Новости" լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Ռուսաստանը բողոքի նոտա է հղելու Հայաստանին՝ ռուսաստանյան ORSIS զինագործական ընկերության մասնակցությամբ տենդերի չեղարկման կապակցությամբ:

Ըստ գործակալության, Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի փոխնախարար Օլեգ Ռյազանցևը հոկտեմբերի 22-ին ստորագրել է նոտան, և այն դիվանագիտական խողովակով հղվելու է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ խնդրանքով՝ կարգավորել ORSIS ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը:

Հրաձգային զինատեսակներ արտադրող ORSIS ընկերությունը "Промтехнологии" ընկերությունների խմբի անդամ է: Այս օգոստոսին հայտնի դարձավ, որ ORSIS-ը դատի է տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը՝ զենքի մատակարման տենդերը առանց հիմնավորման չեղարկելու համար:

Հայաստանի քննչական կոմիտեն հաստատել էր, որ ռուսաստանյան ընկերությունը դատի է տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հարուցվել է քրեական գործ՝ «ծառայության նկատմամբ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքի հատկանիշներով»:

Տե՛ս նաև այստեղ