«Գործել եմ Սահմանադրության և օրենքների սահմաններում». Արա Բաբլոյան

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանն իրեն վերագրվող կասկածը չի ընդունում և պնդում է, որ գործել է Հայաստանի Սահմանադրության համաձայն։

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդեց, որ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում կասկածյալ է ներգրավել նախկին իշխանության օրոք Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով:

«Գործել եմ Սահմանադրության և օրենքների սահմաններում: Ես չեմ խախտել Սահմանադրություն, ես չեմ խախտել օրենք: Ես չեմ կարող պատասխան տալ, թե ինչու Գագիկ Հարությունյանը շուտ է դիմում գրել կամ կարար ավելի երկար լինել: Ես այդ ամեն ինչի համար պատասխանատու չեմ», - հայտարարեց Արա Բաբլոյանը։

ՀՔԾ-ն պարզաբանեց․ որպեսզի Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը բարձր դատարանի նախագահ ընտրվեր ոչ թե նոր Սահմանադրությամբ նախատեսված 6 տարով, այլ դեռ գործող Սահմանադրությամբ՝ մինչև 70 տարեկանը լրանալը, մի խումբ պաշտոնատար անձինք Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ զավթել են իշխանությունը և այնպես են արել, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մարտի 21-ին նշանակվի Սահմանադրական դատարանի նախագահ։

Ըստ ՀՔԾ-ի, այն ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն իր հրաժարականի դիմումը ստորագրել է մարտի 1-ին, այս դիմումը, ըստ օրենքի, ուղղված է եղել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին։

Սակայն մարտի 1-ով թվագրված դիմումը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, այս գործով մեղադրյալ Արսեն Բաբայանին է հանձնվել 2018 թվականի մարտի 5-ին։

Բայց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի այս դիմումը, դեռևս 2018 թվականի մարտի 2-ին ապօրինի ստորագրել է և հայտարարել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին։

Ստացվում է, որ Գագիկ Հարությունյանի՝ մարտի 1-ին ստորագրած հրաժարականի մասին դիմումը ԱԺ է հասել մարտի 5-ին, բայց Արա Բաբլոյանը դեռ մարտի 2-ին արդեն հայտարարել է Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին։

Բաբլոյանն այսօր, սակայն, պնդեց, թե իր առջև եղել է Գագիկ Հարությունյանի դիմումը․ - «Երբ որ ինձ ասում են՝ դու ինչ-որ բան ես ստորագրել, ես ասում եմ՝ ես ստորագրել եմ այդ օրը, այդ ժամին, և դա տեղադրված է կայքում: Այսինքն ոչ թե ես ամսի 5-ին ստորագրել եմ 2-ի ամսաթվով, այլ ես ստորագրել եմ ամսի 2-ին: Եվ ես դա ստորագրել եմ, երբ որ իմ առջև եղել է Գագիկ Հարությունյանի մարտի 1-ի թվագրած դիմումը պաշտոնից ազատվելու հարցում։ Մնացածը թող իրենք կարողանան իրավապահ մարմինները որոշեն՝ ինչո՞ւ են ուշ դրել «Մալբրի» մեջ, ինչո՞ւ է ուշ եկել հասել որտեղ չգիտեմ, էդ բոլորը իրենց խնդիրներն են»:

ՀՔԾ-ն երեկվա իր հաղորդագրությունում նշում է՝ նախկին պաշտոնյաներն այս ամենն արել են, քանի որ հակառակ պարագայում Ազգային Ժողովի նախագահը հնարավորություն չէր ունենա մինչև Ազգային ժողովի հաջորդ հերթական նիստը՝ 2018 թվականի մարտի 20-ը, հրապարակել Սահմանադրական դատարանի նախագահի հրաժարականի մասին: Իսկ դրանից հետո օրենքով սահմանված եռօրյա ժամկետում անհնարին կլիներ այդ ժամանակ գործող Սահմանադրությամբ Հրայր Թովմասյանին նշանակել ՍԴ նախագահ, քանի որ մինչ այդ ԱԺ հերթական նիստ նախատեսված չի եղել: 2015-ին փոփոխված Սահմանադրության որոշ դրույթներ ուժի մեջ էին մտնելու ապրիլին՝ Հանրապետության նախագահի կողմից լիազորությունները ստանձնելու օրը։

Ըստ ՀՔԾ-ի, պաշտոնական կեղծիք կատարելու և իշխանությունը յուրացնելուն օժանդակելու մեջ մեղադրվող ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին դիմումի վրա կեղծ տեղեկություններ է գրել։

Այսպես՝ Գագիկ Հարությունյանի դիմումը խորհրդարանի աշխատակազմի ընդհանուր բաժնի «Մալբերի» էլեկտրոնային համակարգ է մուտքագրվել 2018-ի մարտի 5-ին, բայց Արսեն Բաբայանը ընդհանուր բաժնի աշխատակիցների միջոցով այդ դիմումում մտից դրոշմակնիքի վրա կեղծ տեղեկություններ է գրառել, ինչպես նաև «Մալբերի» էլեկտրոնային համակարգում դիմումի մուտքագրման ամսաթիվ է նշվել 2018 թվականի մարտի 2-ը։ Սրանով իսկ, ըստ ՀՔԾ-ի, Արսեն Բաբայանը խեղաթյուրել է այն հանգամանքը, որ Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում ԱԺ է մուտք արվել մարտի 5-ին։

Բաբլոյանը նաև հայտարարեց, թե «Մալբերի» համակարգն այդ ժամանակ նոր էր ներդրվել խորհրդարանում, և չի բացառվում, որ աշխատակիցները սխալներ թույլ տային։

ԱԺ աշխատակազմից «Ազատությանը» փոխանցեցին, որ «Մալբերի» համակարգը խորհրդարանում ներդրվել է 2017-ի նոյեմբերին։

«Ինձ թվում է, աշխատողների կեսից ավելը «Մալբերի» մտնել-դուրս գալու ձևն էլ չգիտեին։ Այնպես որ, չի բացառվում, որ լավ էլ չեն տիրապետել։ Բայց չեմ կարող ես մեկնաբանել էդ հարցը», - ասաց ԱԺ նախկին նախագահը։

Բաբլոյանը հայտարարեց, որ այս ընթացքում ինքը միայն մեկ խախտում է թույլ տվել․ - «Ես կարող եմ մի հարցի շուրջ պատասխան տամ, եթե այդ հարցը կհայտնաբերեն ու կբարձրացնեն, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ։ Էդտեղ ես թույլ եմ տվել խախտում, չեմ կարող ասել ինչի մասին է խոսքը։ Ես օֆիցիալ հայտարարում եմ: Իրավապահները լսեցին, թող իրենք ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»:

Ինչո՞ւ է, ինչպես ՀՔԾ-ն է նշում, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի՝ մարտի 1-ին ստորագրված դիմումը ԱԺ հասել մարտի 5-ին։

Այսօր «Ազատության» հետ զրույցում Բարձր դատարանը 22 տարի ղեկավարած Հարությունյանն այս և այլ հարցերի չպատասխանեց։ Նա ընդամենը բացառեց, թե անցած տարի իրեն պարտադրել են սահմանված ժամկետից շուտ հրաժարական ներկայացնել, որպեսզի Հանրապետականի՝ այն ժամանակ իշխող թիմի անդամ Հրայր Թովմասյանը հնարավորություն ստանա ՍԴ նախագահ դառնալ մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ամբողջությամբ ուժի մեջ մտնելը։

«Հասկանալու բարդություն չկա։ Ես այդ մասին ասել եմ, որ ես ամսի 28-ին ընտրվեցի Բարձրագույն դատական խորհրդի անդամ և անմիջապես որոշեցի, որ հարմար չէ Սահմանադրական դատարանի նախագահը լինի մեկ այլ ինստիտուտում խորհրդի անդամ։ Ուղղակի [ՍԴ] նախագահի լիազորությունները վայր դրեցի, որը իմ իրավունքն է, և որևէ օրենքով էլ նախատեսված չէ դրա ընթացակարգը։ Դա իմ իրավունքն է։ Կարող էի ես ընդհանրապես հեռուստատեսությամբ հայտարարել, որ վայր եմ դրել», - ասաց Հարությունյանը:

«Ազատություն»․ - Այսինքն, կարող էիք չսպասել Ձեր 70-ամյակը լրանար, և ավելի շուտ հեռանալ այդ պաշտոնից։

Գագիկ Հարությունյան․ - Անշուշտ, դա մարդու իրավունքն է։ Նայեք Սահմանադրության 57 հոդվածը, և նաև դա իմ իրավունքն է։ Ես չեմ ընտրվել նախագահ, հետո դատարանի անդամ (ԲԴԽ), դրանք տարբեր իրավական ակտերով են եղել։ Ես վայր եմ դրել լիազորությունները ՍԴ նախագահի, մնացել եմ անդամ մինչև թոշակի ձևակերպումը։

«Ազատություն»․ - Ձեզ չեն ստիպել, որպեսզի այդ քայլին գնաք, որ Հրայր Թովմասյանը դառնա ՍԴ նախագահ։

Հարությունյան․ - Դա հեքիաթներ է, հեքիաթների ժանրից է։ Ես ինքս եմ որոշել, որ հարմար չէ ԲԴԽ անդամի կարգավիճակով լինել նաև Սահմանադրական դատարանի նախագահ։

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաղորդեց, որ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում կասկածյալ է ներգրավել Հանրապետական իշխանության օրոք Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով: