Արման Բաբաջանյան․ «Իմ թիրախը Արսեն Բաբայանը չէ, նույնիսկ Հրայր Թովմասյանը չէ»

Պատգամավոր Արման Բաբաջանյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ

Պատգամավոր Արման Բաբաջանյանի համար անակնկալ էր Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությունը: Այդ մասին անկախ պատգամավորը հայտարարեց այսօր «Ազատության» հետ զրույցում:

«Անկեղծ, ինձ համար անակնկալ էր երեկվա կալանավորումը Արսեն Բաբայանի: Ես հույս ունեմ, իհարկե, որ քննությունը դեռ առաջ կգնա: Բայց իմ թիրախը Արսեն Բաբայանը չէ, նույնիսկ Հրայր Թովմասյանը չէ, ես կարծում եմ, որ մենք հիմնարար Սահմանադրական դատարանի հարցը լուծելու խնդիր ունենք, և ես հիմա ավելի իմ ջանքերը ուղղել եմ հենց այդ խնդրի վրա», - ասաց Բաբաջանյանը:

«Սրանք հատվածական հարցեր են, այս քրեական գործը ընդամենը, կարծում եմ, հասարակության մոտ կհասունացնի համոզումը, որ այս դատարանը կազմավորվել է, առավել ևս՝ Հրայր Թովմասյանի մասով հատկապես, ապօրինի ճանապարհով, և ուղղակի մեր առաջ պարտադիր կդարձնի դատարանն ամբողջությամբ, դատարանի խնդիրը լուծելուն մոտենալ և խնդիրը հիմնավորապես լուծել», - ընդգծեց պատգամավորը:

Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդեց պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով Արսեն Բաբայանին ձերբակալելու մասին: Այս գործը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ քրեական գործին, որ հարուցվել էր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա: Պատգամավորը պնդում էր, որ Հրայր Թովմասյանը խորհրդարանական մանդատից հրաժարվելու դիմում չի գրել և յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով:

Ըստ Բաբաջանյանի, Հանրապետականի հետ համագործակցությամբ ամեն ինչ արվել է, որպեսզի Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնի 2018 թվականի ապրիլի 9-ից առաջ՝ մինչև 2015-ին փոփոխված Սահմանադրությունն ամբողջությամբ ուժ մեջ մտնելը, որպեսզի պաշտոնավարի ոչ թե 6 տարի, այլ մինչև 65 տարեկանը, ինչը դատական իշխանության յուրացման փորձ է։